Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարը «մո՞ւռ» է հանում

Մայիս 14,2012 19:04

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որ փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ միասին ապաստան էր գտել ՀՀԿ համամասնական ցուցակում, այս օրերին սկսել է աշխատանքից ազատել կամ ստիպել, որ ազատման դիմում գրեն նախարարության համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում են ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

Ի դեպ, 400 արվեստագետ ստորագրահավաք է կազմակերպել, փորձելով պաշտպանել Ժամանակակից արվեստի վարչության պետի ու փորձառու մասնագետի շահերը, դիմել երկրի նախագահին ու վարչապետին: Մշակույթի նախարարն էլ «Ար» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ օրերս վստահեցրել էր, թե  իբր նախարարությունում ամեն ինչ կարգին է, եւ սա այն դեպքում, երբ արդեն նախկին վարչության պետ Հարությունյանը աշխատանքից ազատաման դիմում է նշել էր, թե նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատանքը` կառավարման արդի մեթոդների բացակայության պատճառով ստեղծված անառողջ մթնոլորտում, որտեղ ոտնահարվում են մարդկանց հիմնարար իրավունքները, ու աշխատանքայինն պայմաններն անբարենապաստ են:

Ամենաթարմ ազատումը վերաբերում է Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանին: Վերջինիս, որը 9 տարվա տնօրեն է, ունի միայն պատվոգրեր եւ ոչ մի նկատողություն, կանչել են նախարարություն ու պարտադրել ստորացուցիչ պայմաններով 15-օրյա պայմանագիր ստորագրել, ինչից Գրիգորյանը, բնականաբար, հրաժարվել է: Ամենազավեշտալին այն է, որ մայիսի 2-ին պայմանագրի ժամկետը լրացած եւ արդեն նախկին տնօրենին, այսինքն շարքային քաղաքացուն, որը մինչ այդ  Գերմանիայի Հալլե քաղաքում կազմակերպել էր Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես, մայիսի 9-ին վստահել են  Հայաստանում միակ` թանկարժեք Ուրբաթագիրքը ետ բերելու պատիվը: Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Գրիգորյանը չմեկնաբանեց իր ազատման հետ կապված լուրը, բայց նաեւ չհերքեց, որ պատրաստվում է իրավունքները վիճարկել դատարանում:

Ըստ որոշ տեղեկությունների,  Հասմիկ Պողոսյանը չարացած է, որ  շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որը նախատեսված է Շուշան Պետրոսյանի համար, դրա համար էլ կտրուկ քայլեր է անում` վերեւների համար գործ անող նախարարի իմիտացիա ստեղծելու համար: Իսկ նախարարության կուլիսային խոսակցություններում  շրջանառվում է այն թեման, որ Հասմիկ Պողոսյանը հեռանալուց առաջ որոշել է մուռ հանել  բոլոր այն աշխատակիցներից, ում հետ լավ հարաբերություններ չունի կամ որոնք «տեր» չունեն եւ նրանց փոխարինել իր մարդկանցով:

‎Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031