Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վախեցած չեմ, ու միառժամանակյա դադարը չի նշանակում, որ ես լռելու եմ». Լուսինե Բադալյան

Մայիս 14,2012 17:04
«Քանի որ այսօր ինձ հերթական անգամ քցեցին. ես որոշեցի այնուամենայնիվ արտահայտվել»: Սա մի հատված էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի՝ Լուլուի ֆեյսբուքյան վերջին գրառումից, որի ամբողջական տարբերակը արդեն հրապարակվել է «Առավոտ երիտասարդականում»: Հրապարակումը, ինչպես մեր, այնպես էլ հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջում բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց, որ դա իր համար անսպասելի էր: Քննադատությունից չվախեցող ու վատը միշտ քննադատող հաղորդավարուհին նման արձագանքից հետո պատրաստվում է որոշ ժամանակ հանգստանալ: Ինչո՞ւ: Ո՞ւմ կարծիքից է վախենում նա և ո՞ր 4 հաղորդավարներն են լավագույնները մեր հեռուստաեթերում. Լուսինե Բադալյանի հարցազրույցը «Առավոտ երիտասարդականին» կարող եք ընթերցել հենց հիմա:     

Ֆեյսբուքյան Ձեր վերջին գրառումը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց և շարունակում է քննարկվել: Գրել եք, քանի որ համբերության բաժակը արդեն լցվե՞լ էր ու լռելը հանցագործությու՞ն կլիներ:

Ես ընդհանրապես լռելու սովորություն չունեմ: Ինչ մտածում եմ, այդ էլ ասում եմ, իհարկե, չափի մեջ, որպեսզի չվնասեմ ոչ ոքի: Վերջին մեկ տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէր. էլի գրառումներ եմ ունեցել, որոնց պատճառով ընկել եմ սկանդալների մեջ: Իսկ թե ինչո՞ւ հենց այս գրառումը մեծ տարածում գտավ, ես կարծում եմ, քանի որ այն ընտրությունների նախաշեմին էր գրվել, շատերը փորձեցին օգտագործել այն իրենց վերաբերմունքը ցույց տալու համար: Չեմ կարծում, որ այնքան խելոք միտք էի գրել, որ արժեր այդքան տարածել, քանի որ մինչ այդ` արած գրառումներս շատ ավելի խելացի ու շատ ավելի կարևոր էին: Ընկերներս ինձ շատ հաճախ մեղադրում են ֆեյսբուքում այդքան ակտիվ լինելու համար, սակայն ես, իհարկե, համաձայն չեմ նրանց հետ:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը. սա ավելի՞ հարմար միջավայր է:

Ես, իհարկե, եթերում ևս չեմ վախենում համարձակ արտահայտվելուց, սակայն այնտեղ ես չեմ իմ գլխի տերն ու պատարսխանատվություն անմիջապես կրում եմ ոչ թե ես, այլ այն կազմակերպությունը, որի եթերից ասվել են այդ խոսքերը: Իսկ ֆեյսբուքում միայն դու ես պատասխան տալիս քո ասածների համար:

Պատրա՞ստ եք ստորագրել յուրաքանչյուր գրված բառի տակ:

Այո, քանի  որ, գոնե, ինձ համար ունեմ յուրաքանչյուր հարցի պատասխան: Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ վերջին գրառումս չափազանց շատ էր, սուր էր և եթե գլխի ընկնեի, որ կարող է նման տարածում գտնել, ապա նույնը կգրեի, բայց ավելի գրագետ ու զուսպ:

Դուք նշում եք, որ պետությունը ամեն միջոցառում կազմակերպելիս արտիստներին, երգիչներին ու հաղորդավարներին անվճար աշխատեցնում է: Իսկ ինչո՞ւ եք միայն Դուք հրապարակայնորեն բողոքում:

Այստեղ հարցը բնավ գումարը չէ: Սա ասում եմ, քանի որ շատերն այն կարծիքին էին, որ, եթե փողը տային, ես կլռեի: Պետության համար, հայրենիքի համար ցանկացածս էլ պատրաստ ենք ծառայել ու ծառայել ենք: Չկա մեկը, ով կարող է ասել, որ ինձ հրավիրել է որևէ բարեգործական համերգի, ու ես չեմ գնացել, քանի որ գումար չէին տալիս: Ինչո՞ւ չեն բողքում: Ես իմ կոլեգաների համար պատասխանատու չեմ: Իրականում իմ կոլեգաներից շատերը շատ էլ սուր նայեցին այդ հարցին, եղան մարդիկ, որ բացի նրանից, որ  ինձ չսատարեցին, նաեւ խնդիրներ ստեղծեցին ինձ համար:

Միգուցե վախենո՞ւմ են:

Գուցե վախ կա, բայց ես չեմ մեկնաբանի, յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր արածի համար:

«Ոտքս ոտքիս գցելու համար ես շատ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել»

 

«ժամանակդ կարճ է… քանի կարող ես, աշխատացրու, բան չմնաց, գնալու եմ»,- գրել եք Դուք: Պատրաստվում եք հեռանա՞լ Հայաստանից:

Չէ: Չեմ կարծում, որովհետև ինձ ճանաչող ցանկացած մարդ գիտի, որ ես վերջին մարդ եմ լինելու, ով կգնա այս երկրից: Գուցե, զայրույթից էր, որ նման բան գրեցի, բայց ես գնացող տեսակը չեմ:

Մեր կայքում գրառումը հրապարակելուց հետո, բավականին արձագանքներ եղան: Մի մասը կողմ էր Ձեր գրածին, մյուսը՝ ոչ: Կայքի այցելուներից մի քանիսը զարմանում էին, թե ինչու եք վրդովվում, երբ Ձեզ 2 ժամ աշխատելու համար 60 հազար դրամ են վճարում: Կան մարդիկ, որ այդ գումարի դիմաց ամբողջ ամիսը օրը 7-8 ժամ են աշխատում:

Համաձայն եմ երևույթի հետ, իսկապես կա նման բան: Ես ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատելու դպրոցում, որտեղ ամիսը վաստակում էի այնքան գումար, որի եռակին, քառակին  աշխատել եմ նաեւ մեկ ժամում: Սակայն մեկնաբանողների հետ համաձայն չեմ. յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի իր ոլորտի համար, եւ «ինչի՞ ես դժգոհում» ասելու փոխարեն, թող ասեն՝ ես էլ պետք է իմ ոլորտի համար պայքարեմ: Այ սա ես կարռուցողական քննարկում կհամարեմ: Իսկ ուղղակի մեղադրել, որ ոտքդ ոտքիդ քցած նստած ես, մի հատ էլ գումար են տալիս ու դու դժգոհո՞ւմ ես… Ոտքս ոտքիս գցելու համար ես շատ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել, չեմ արթնացել քնից, ոտքս գցել ոտքիս ու գումար ստացել:

Եթե այս ամենը փոձենք ի մի բերել, կարելի՞ է մեկ նախադասությամբ ասել, որ Դուք սեփական երկրում չգնահատված լինելուց եք բողոքում:

Իհարկե ոչ: Եթե գումարի առումով եք ասում, ապա ես կկրկնեմ, որ իմ ճիչը ոչ մի կապ չունի գումարի հետ: Իսկ ինչ մնում է վերաբմունքի հարցը, ես իրավունք չունեմ նման բան ասելու: Կարիերայիս սկզբից որդեգրել եմ մի սկզբունք՝ թող ինձ լսի 10 մարդ, բայց խելացի մարդ: Ես հազարների, միլիոնների կողմից ճանաչվելու խնդիր ու ցանկություն երբեք չեմ ունեցել ու ինձ դա երբեք չի էլ հետաքրքրել: Ի դեպ, մի բան էլ կա. նման մի քանի սկադալներից հետո, հնարավորություն է լինում վերարաժևորել մարդկանց. և արդյունքում ես այսօր ինձ համար շատ նոր ընկերներ եմ ընտրել ու շատ հին ընկերների հանել եմ իմ միջից:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դաշտում խելացի հաղորդավարները շատ քիչ են, որոնց հետ կարելի է մտնել առողջ մրցակցության մեջ, ինչն էլ կբերեր ավելի բարձր որակի: Սա մոտ մեկ տարի առաջ եք ասել: Հիմա՞ էլ եք այդպես մտածում:

Այո, ես շարունակում եմ պնդել, որ շատ քիչ են. կարող եմ առանձնացնել 3-4 հոգու, ավելին չեմ կարող:

Իսկ ի՞նչ է պետք այդ լավերի շարքում հայտնվելու համար:

Պետք է զբաղվել ինքնակրթությամբ, սա առաջին ու գլխավոր պայմանն է: Սակայն այն հաղորդավարները, որոնց ես համարում եմ ոչ խելացի, բայց այնուամենայնիվ նրանք դաշտում են, նրանք դրա համար մեղավոր չեն, ու ոչ ոք մեղավոր չէ, բացի այն մարդկանցից, ովքեր թույլ են տալիս նրանց հայտնվել հեռուստաէկրաններին, ռադիոեթերներում և այլն: Եթե մենք մի փոքր ավելի խիստ լինենք, ապա մենք լրիվ այլ իրականություն կունենանք:

Ասացիք, որ կան 3-4 լավ հաղորդավարներ: Իսկ ինչո՞ւ անուններ չեք նշում, որ բոլորի համար էլ պարզ լինի ու տարբերակելի` թացը չորից:

Մեծ սիրով կասեմ:

Խնդրեմ:

Նազենի Հովհաննիսյան: Շատ սիրում, հարգում և գնահատում եմ նրան: Անկախ այն բանից, թե ուրիշներն ի՞նչ են մտածում նրա մասին, նախանձո՞ւմ, թե չե՞ն նախանձում նրան, այդ աղջիկը միշտ շատ կիրթ է, միշտ ունի շատ խելացի մտքեր, ունի ներաշխարհ, զբաղվել է ինքնակրթությամբ, ունի ասելիք, և դու ինչքա՞ն պետք է հիմար լինես, որ նրան պիտակումներ տաս:

Ավետ Բարսեղյան: Շատ սիրում եմ: Նա ևս ունի սուր լեզու ու իր կյանքի տարբեր հատվածներում ընկել է տարբեր սկանդալների մեջ իր լեզվի պատճառով և դրա համար էլ եմ իրեն շատ հարգում:

Ժակը՝ Հակոբ Պապիկյան: Իրավիճակին շատ լավ տիրապետող, կիրթ, գրագետ և զուսպ մարդ:

Գոհար Գասպարյան, ինչո՞ւ ոչ:

Այստեղից արդեն դժվար է շարունակել, ցավոք սրտի: Նշեմ, նաև, որ լրատվական մեկնաբաների մասին չենք խոսում, քանի որ նրանք, մեծամասամբ, որոշ չափով պատշաճ մակարդակ ապահովում են:

Այս տարի «Ոսկե էկրան» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ, ի դեպ Ժակի հետ միասին, ստացել էիք «Տարվա անբաժան զույգ» մրցանակը, մրցանակաբաշխությունից հետո ասել էիք հետևյալը. «Իմ կարծիքով շատ անլուրջ մրցանակաբաշխություն էր, նույնիսկ չեմ ցանկանա մեկնաբանել: Շատ սխալ սկզբունքով էր ամեն ինչ ընտրված»: Ինչքանո՞վ է ճիշտ և’ մրցանակը վերցնել, և’ քննադատել Ձեզ մրցանակ տվողներին:

Այ, սա այն խնդիրն է, որին ես կցանկանայի անդրադառնալ: Իսկ ինչքանո՞վ է ճիշտ վերցնել մրցանակը և լռել: Եթե նկատի ունեք մրցանակը չվերցնելն ընհանրապես, ինձ չեն տվել որպես լավագույն, որ ես չվերցնեի: Դա, ընդամենը, հաստատումն էր, որ մենք տարվա անբաժան զույգն ենք: Այդ մրցանակը կարող էին տալ նաև որպես վերջին տասը տարվա անբաժան զույգ, քանի որ դա հենց էտպես էլ կա: Մրցանակաբաշխության միտքը վատը չէր, բայց սկզբունքը, որի համաձայն ընտրվում էին լավագույնները, ինչ հարթության վրա էր մրցանակաբաշխությունը, այ, դա արդեն իմ սրտով չէր: Եվ դրա մասին ես կազմակերպիչներին ասել եմ մինչ մրցանակաբաշխությունը, ասել եմ, որ՝ մի արեք, եթե այսպես եք անելու:

Սակայն մի բան էլի անհասականալի է մնում. եթե Դուք նախապես գիտեիք, որ դա Ձեր ուզած մրցանակաբաշխություն չէ…

Ինչո՞ւ գնացի:

Այո:

Շատ լավ հարց էր: «Ոսկե էկրան» մրցանակաբաշխությանը ես որոշել էի չգնալ ու դրա մասին բոլորը գիտեին: Այն պետք է կայանար փետրվարի 19-ին, սակայն տեղի չունեցավ, հետաձգվեց: Հետո, ինձ կազմակերպիչներն ասացին, որ ամեն ինչ փոխվել է, մի քանի լավագույն ծրագրերի անուններ տվեցին, որոնց պետք է մրցանակ հանձնվեր: Ես էլ մտածեցի, եթե ամեն ինչ ուրիշ կերպ է լինելու, ինչ՞ու չգնալ ու չսատարել, չշնորհավորել, իսկապես, լավագույններին: Բայց գնացի ու տեսա, որ ոչ մի նման բան չկա: Սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է այդ միջոցառման վերաբերյալ:

Ժակը համամի՞տ է Ձեզ հետ:

Միշտ չէ, որ նա համաձայն է ինձ հետ: Բայց, ի տարաբերություն իմ շրջապատում գտնվող շատ այլ մարդկանց, Ժակը ունի մի բնավորության գիծ, ինչի համար ես նրան հարգում եմ. եթե նա ինձ հետ համաձայն չէ, նա հենց այդ րոպեին կքննարկի, կքննադատի ինձ ու երբեք ուրիշի հետ հետո դա չի անի: Ու երբ լսի, որ ուրիշներն էլ քննարկում են, կասի՝ բա՞ն ունեք ասելու, գնացեք դեմքին ասեք: Իսկ ինչ վերաբերում է «Ոսկե էկրանի» մեր մրցանանին, Ժակի փոխարեն չեմ ցանկանում խոսել:

«Ինձ համար կարևոր է, թե ամուսինս ինչ կասի»

Կասեք, Ձեր ընտանիքի, մասնավորապես, ամուսնու վերաբերմունքը ինչպիսի՞ն  է Ձեր գարառումների, Ձեր համարձակ հայտարարություների նկատմամբ:

Այս աշխարհում եթե կա մի մարդ, ում կարծիքից, վերբերմունքից, ոչ թե գործողություններից, շեշտեմ, ես վախենում եմ, անհանգստանում եմ, ապա դա ամուսինս է: Որևէ բան անելիս ինձ համար միևնույն է՝ մնացածը ինչ կասեն, ինձ համար կարևոր է, թե ամուսինս ինչ կասի: Ես միշտ փորձում եմ իմ սահմաններում մնալ, և իր կողմից էլ ճնշում երբեք չի լինում:

Ֆեսբուքյան գրառումները նախապես կարդո՞ւմ է:

Կար ժամանակ և հիմա էլ է լինում, որ չի կարդում: Բայց այժմ, ես փորձում եմ իր հետ անպայման քննարկել, նոր հրապարակել, քանի որ եղել են դեպքեր, երբ ինչ-որ մի բան գրել եմ, ոչ մեկ չի նկատել, որ այդտեղ կա «որոշակի կրիմինալ», ինքը նկատել ու զգուշացրել է:

Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ հետ է պահել Ձեզ հերթական գրառումից:

Այո: Եղել են նաև դեպքեր, երբ չի հասցրել (ծիծաղում է. հեղ):

Վերջին հարցը: Առաջիկայում ի՞նչ սպասի ֆեյսբուքահայությունը Լուսինե Բադալյանից:

Առաջիկայում ես կփորձեմ հանգստանալ, որովհետև վերջին գրառումս ինձ համար շատ անսպասելի տարածում գտավ, անսպասելի ալիք բարձրացրեց: Միանգամից ասեմ, որ պետությունը ոչ մի ճնշում ինձ վրա չի գործադրել: Այդ հարցը շատերին է հետաքրքրում: Պետությունն էլ բավականին խելացի է ու հասկանում է, որ այստեղ սադրանք չկար, որ սա ուղղակի մի կնոջ բողոք էր: Պետությունն ավելի խոհեմ գտնվեց, քան հասարակության մի հատվածը՝ շատ անսպանելի հատվածը: Հիմա ինձ որոշակի ժամանակ է պետք վերարժևորելու մի քանի երևույթներ, որից  հետո կրկին կբարձրացնեմ այն խնդիրները, որոնք ինձ կանհագստացնեն: Ես վախեցած չեմ, ու իմ միառժամանակյա դադարը չի նշանակում, որ ես լռելու եմ: Ես միշտ խոսել եմ ու խոսելու եմ:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031