ՀԱԿ-ն իր ողջ քարոզարշավի ընթացքում պարբերաբար ժողովրդին վախեցնում էր ինքնասպանություններով: Գագիկ Ջհանգիրյանը մշտապես ներկայացնում էր, որ իրենց թվերին բանակում այսքան ինքնասպանություններ չէր լինում, Հրանտ Բագրատյանը պնդում էր, որ ազգը ինքնասպան լինելու շեմին է եւ այլն: Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեթերապեւտ, հոգեբան Սամվել Խուդոյանը վստահեցրեց ճիշտ հակառակը, որ ինքնասպանությունները չեն շատացել. «Համենայնդեպս, նման հետազոտություն եւ շատացման միտում ամենեւին չկա: Այն ժամանակ դեռեւս այդքան բաց չէր ինքասպանությունների թեման, որքան այսօր: Բանակում մի բան կատարվեր, ո՞վ էր խոսում: Դա քարոզչական բավական անհիմն տրյուկ էր»:
Ընտրություններից հետո ՀԱԿ-ը Ազատության հրապարակում իր վերջին հանրահավաքին նաեւ հայտարարեց, որ իշխանություններն այս ընտրություններին պարզապես այլանդակեցին մեր ժողովրդի հոգեբանությունը, նրան սովորեցրին ընտրակաշառքի: Հոգեբանը համաձայն չէր նաեւ այս գնահատականի հետ. «Նա արդեն այլանդակված է, դրա համար է վերցնում: Ուղղակի ընտրություններից հետո նկատելի է մի քիչ հիասթափություն: Եվրոկառույցները շատ բարձր գնահատեցին, բայց շատերս տեսնում ենք, որ իրականում պրոբլեմներ կան, այնուամենայնիվ, նախորդ ընտրությունների համեմատ մի քայլ առաջ ենք գնացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև