ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը մի անգամ ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ իրեն անձամբ ընտրակաշառք են առաջարկել 5000 դրամ, ինքն էլ վերցրել է : Aravot.am-ն այսօր պարոն Բադեյանից հետաքրքրվեց՝ այս ընտրություններին կաշառք չե՞ն առաջարկել՝ նա պատասխանեց. «Դա եղել է 95 թվին: Չէ, այս ընտրության ժամանակ ինձ չեն տվել արդեն, բախտս չի բերել»: Այդուհանդերձ, նա լսել է, որ այս ընտրություններին էլ ընտրակաշառք բաժանվել է, թե ում կողմից՝ չհրապարակեց՝ ասելով որ տարբեր ուժերի. «Լսել եմ, գիտեմ, չստուգված փաստեր են, չեմ ուզում հրապարակել»: Մենք փորձեցինք ճշտել՝ ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանողների մեջ, ըստ իրեն, կա՞: Պարոն Բադեյանը պատասխանեց. «Չստուգված փաստերը ես հրապարակե՞մ: Շատ բան են խոսում, հենա խոսեց, որ մանդատները վայր են դնում, չեմ իմանում ինչ, ասեկոսեները, բամբասանքները ես մեկնաբանե՞մ»:
Մեր հարցին, թե ՀԱԿ-ը ընտրությունների արդյունքները չեղյալ է հայտարարելու պահանջով պատրաստվում է դիմել ՍԴ, ի՞նչ արդյունքի կհասնի՝ Մանվել Բադեյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը հենց «փոքր շան բարդույթով» է տառապում. «Չեղյալ հայտարարի՞, ո՞նց կարա չեղյալ հայտարարի, ինքը 95 թվին էլ էր չեղյալ հայտարարել: Էն վախտ կարում էր, հիմի չի կարա: 95 թվին չասե՞ց՝ ուզում է 100 % ժողովուրդը ձայնը տա ուրիշին, մեկ է, մենք պտի անեինք: Հիմա էլ են նույնը ասում՝ կապ չունի ժողովրդի կարծիքի արտահայտումը: Բայց այս անգամ կապ ունի»:
Պարոն Բադեյանը ոչ ՀԱԿ-ի, ոչ էլ «Ժառանգության» հետ ՀՀԿ-ի կոալիցիան չի պատկերացնում. «Գաղափարապես շա՜տ տարբեր ենք»:
Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների գնահատականներին, ըստ պարոն Բադեյանի, ոչ մի պաշտոնական մեղադրանք չկա, որ խախտում է արվել. «Ասում են, հենց ասում ես` ո՞վ է ասել՝ իզ ու թոզները կորում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ