Այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայելի» ակումբում բանավիճում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանի հետ: Բանավեճի ժամանակ պարոն Բադեյանը մի խոստովանություն արեց՝ ակամայից հաստատելով, թե այս ընտրարշավում Հանրապետական կուսակցությունը քանիցս է էթիկայի խախտումներ թույլ տվել, եւ որ իրոք դպրոցական երեխաներին զոռով է բերել հանրահավաքների: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի մանկապարտեզի, դպրոցահասակ երեխաներին ՀՀԿ-ի հանրահավաքներին տանելու մասին՝ պարոն Բադեյանը պատասխանեց. «Մի անգամ իմ հավաքի ժամանակ էլ կային երեխաներ՝ դրոշակներով: Իրենց կամքով չէին եկել, իհարկե: Երեխան իր կամքով չի գա դրոշակ թափահարի: Այնտեղ ինչ-որ մի ախմախ շտաբի պետ ունեի, կազմակերպել էր: Այո, եղել է, բայց դա եսիմ ինչ մի հանցագործություն չէ, էթիկայի խախտում է»:
Անուշ Սեդրակյանի պնդումները, որ գյուղ կա՝ 1800 ընտրող ունի, բայց ընտրությանը մասնակցել է 1900 մարդ, այդպիսի «մաքուր» ընտրություններ են անցել՝ պարոն Բադեյանը հերքեց. «Չկա նման բան: Բողոքարկեք այդ գյուղում ընտրության արդյունքները, տվեք դատարան»: Խոսելով արտագաղթի տոկոսներից ու դրան զուգահեռ ընտրողների թվի անտրամաբանական աճից՝ պարոն Բադեյանն ասաց, որ արտագաղթի տեմպերը, համեմատած «երանելի» իշխանությունների օրերի հետ, չեն աճել, ինչպես փորձում են ներկայացնել. «Արտագաղթի տեմպերը շատ ու շատ գործոններից են կախված: Լավ, Հայաստանում արտագաղքը պայմանավորված է ՀՀԿ-ի սխալ վարած քաղաքականությամբ, այդ դեպքում բացատրեք, թե Ռուսաստանում ինչո՞վ է պայմանավորված, Լեհաստանում, Իսպանիայում: Յուրաքանչյուր տարի Ռուսաստանում 1 մլն մարդ պակասում է, ինչի՞ հաշվին՝ արտագաղթի»: Անուշ Սեդրակյանը հակադարձեց՝ «Ռուսաստանում, Ֆրանսիայում ինչքան արտագաղթ է լինում, դրա եռակի քառակի ներգաղթ է լինում»: Լրագրողներից մեկի դիտարկումից, որ լավ երկրների հետ չեք համեմատում, Հայաստանը համեմատեք Անգոլայի հետ՝ Բադեյանը բարկացավ. «Դու մի՛ փորձի սրամտել, որովհետեւ ընենց կսրամտեմ, որ…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ