Ինչպես արդեն հաղորդել ենք, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ , նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ համակարգող, Աշոտ Զաքարյանը 2 ժամ առաջ հայտարարեց, որ լքում է ՀԱԿ-ի շարքերը:
Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատճառաբանեց, որ իր համար անընդունելի են ՀԱԿ-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության փորձերը, քանի որ սրանով ճանապարհ են հարթում Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: «Ես չեմ կարող համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, իսկ ինձ համար, կներեք, Բարգավաճ Հայաստան և Հանրապետական կուսակցության միջև որևէ տարբերություն չկա: Ես միշտ համարել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույն մարդիկ են, հետևաբար և մտածել համագործակցության մասին կարծում եմ շատ անլուրջ էլ»,-ասաց պարոն Զաքարյանը:
Նա, չբացառելով իր քաղաքական գործունեությունը, տեղեկացրեց, որ այս պահին ավելի շատ զբաղվելու է հասարակական գործունեությամբ, ստեղծվել է «Ժողովրդավարության անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ, ինքը հիմնադիր-անդամներից մեկն է, աջակցելու է տարածքային անվանգությանն ու Եվրոմիությանը մեր երկրի ինտեգրմանը: Լրագրողները հետաքրքվեցին, թե Աշոտ Զաքարայանն իր հրաժարականը համաձայնեցրե՞լ է արդյոք իր կուսակցության ղեկավարի` Արամ Սարգսյանի հետ: «Որևէ մեկի հետ չեմ համաձայնեցրել, և առհասարակ՝ ես իմ գործողությունները երբևէ որևէ մեկի հետ չեմ համաձայնեցնում: Եթե «Հանրապետություն» կուսակցությունը մոտ ժամանակներս կհայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու իր որոշումը, ինչի մասին ակնարկել էր պարոն Սարգսյանը՝ նշանակում է, մենք դեռ կշարունակեք մեր ճանապարհը քաղաքականության մեջ: Եթե չի հայտարարի՝ ամեն դեպքում քաղաքականության մեջ մենք կունենանք տարբեր մոտեցումներ: Պարտադիր չէ դուրս գամ կուսակցության շարքերից, բայց ակտիվ գործունեություն չեմ իրականացնի»:
Նա նաև տեղեկացրեց, որ իր հետ դուրս են գալու այն մարդիկ, որոնք իր հետ անդամակցել են ՀԱԿ-ին:
Կարդացեք նաև
Աշոտ Զաքարյանն ասաց, որ սպասում է քննադատությունների, ընդ որում նաև անառողջ: Նա միաժամանակ ՀԱԿ-ի ղեկավարությունից հայտնեց իր ակնկալիքը՝ այնպես անեն, որ այս ուժի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները պահպանեն կոռեկտություն ու էթիկայի բոլոր սահմանները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ