Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Մայիս 14,2012 14:32

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, որում նշել են.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը մայիսի 11-14-ը այցելել են Երևան և Բաքու, ուր և հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին ջանքերը:

Համանախագահները կողմերի հետ շարունակել են քննարկել, թե ինչպես պետք է կատարվեն հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի կողմից ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ նաև արագացվեն համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար հիմք հանդիսացող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմի ու հումանիտար շփումների մշակումը:

Համանախագահներն անհանգստություն են հայտնել շփման գծում ոչ վաղ անցյալում գրանցված միջադեպերի կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել՝ վրիժառության չդիմելու համար: Համանախագահները ողջունում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու մասին կողմերի հայտարարությունները:

Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև ռազմական և հումանիտար ոլորտներում վստահության մեծացման և 1994 թվականին ձեռք բերված հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությունների ամրագրման հարցերը: Բացի այդ, համանախագահները քննարկել են ռիսկային գոտում գտնվող հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական հուշարձանների պաշտպանությանն ու գնահատման հարցը՝ նախքան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանման համար:

Համանախագահները պլանավորել են մոտ ապագայում շարունակելու երկու երկրների արտգործնախարարների քննարկումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել