Aravot.am-ը Ազգային համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է այն մասին, որ իշխանամետ շրջանակներում խոսվում է, թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջեւ արդեն ստեղծվել է կոալիցիա: Պարոն Սադոյանը պատասխանեց. «Իշխանական խոհանոցին այդքան մոտիկից ծանոթ չեմ, բայց խոսակցություններ ես էլ եմ լսել»: Մեր հարցին՝ ի՞նչ ձևաչափով կոալիցիա է հավանական համարում, Ա. Սադոյանը պատասխանեց. «Կոալիցիա հավանական եմ համարում, ՀՀԿ_ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև: «Ժառանգությունը» հազիվ թե ինչ-որ բան անի, իսկ ՀԱԿ-ը մեծ հաճույքով կմտներ կոալիցիա, բայց նրան չեն էլ հրավիրի»:
Ա. Սադոյանը կարծում է, որ ՀԱԿ-ը 2007-2012 թվականներին իրեն վարկաբեկել է և մանրամասնում. « ՀԱԿ-ի գործունեության մեջ ինձ վրա առաջին հերթին բացասական տպավորություն թողեցին մարտի 1-ի դեպքերում Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մի քանի կողմնակիցների քայլերը: Ակտիվիստները, որոնք հեղափոխության համար իրական պայքար էին մղում, նստեցին և դառնության պտուղները ճաշակեցին 7-8 ամիսների ընթացքում: Իսկ մյուսները օգտվեցին դրանից»: Պարոն Սադոյանը վարկաբեկման եւս մեկ փաստ է համարում այն, որ ՀԱԿ-ը միավորման քայլեր արեց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:
Ա. Սադոյանի կարծիքով՝ վատ չէ, որ ՀԱԿ-ի խորհրդարան մտնելով կարող է պրոֆեսիոնալ մարդիկ խորհրդարան մուտք գործեն, բայց մյուս կողմից էլ նշում է. «Ինչպես «Հայկական ժամանակն» է կիրառում այն մեթոդը, ըստ որի՝ կարևորը հիմքերը չեն, այլ այլանդակ խոսքերը, ապա այդ մեթոդը կարող է ԱԺ-ի վարկաբեկման նոր հնարավորություններ ստեղծել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ