«Այո, ես հաստատում եմ, որ «Ռեգնում»–ի սեփականատերը փոխվել է, բայց նա Հայաստանից չէ, և դժվար թե նա հայկական հասարակությանը ծանոթ լինի»,– Tert.am–ին ասաց «Ռեգնում» գործակալության հայաստանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ գործակալության սեփականատերը փոխվել է, և այն ձեռք է բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ օրերս «Հայացք» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ գործակալության նոր սեփականատեր է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ցանկացել է մնալ «չբացահայտված»: Regnum-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը լքել է գործակալությունը, որի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Վիգեն Հակոբյանը:
Գործակալությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից ձեռք բերելու մասին լուրը Tert.am–ը փորձեց ճշտել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, որը սակայն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Ռուբեն Գրդզելյանից հետաքրքրվեցինք նաև նրա առողջական վիճակի մասին։ «Երեկ էի վատ զգում, գլխապտույտ ունեի, բայց այսօր հարաբերականորեն լավ եմ»,– ասաց Գրդզելյանն՝ անդրադառնալով իր հետ տեղի ունեցած միջադեպին։ Ինչպես հայտնի է մայիսի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում նա ծեծի է ենթարկվել Երևանում մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մ.Մանրիկյանը:
Կարդացեք նաև
Tert.am–ի հարցին, թե արդյոք ինքը տվյալ միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, Գրդզելյանն արձագանքեց. «Ոչ, մասնագիտական գործունեության հետ չեմ կապում, սա ավելի շատ կենցաղային, առօրյա միջադեպ էր»։