Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի բնակչությունը նվազել է, ընտրողների թիվն` ավելացե՞լ

Մայիս 14,2012 12:36

«Ավելի վատ ընտրություն երբեւէ ՀՀ-ում չի եղել: Եկող ընտրությունը միշտ էլ նախորդին գերազանցել է` ընտրախախտումների, զանգվածային կեղծիքների առումով, բայց այս մեկը տարբերվում է եւ սա կոչել ընտրություն, ուղղակի չի կարելի»,- մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն այսպես է բնութագրում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Մեր զրուցակիցը վկայակոչում է դեռ ընտրությունների նախապատրաստական ընթացքը, որն ընթացավ ՀՀ Սահմանադրության եւ այլ օրենքների կոպտագույն խախտումներով, մասնավորաբար, ՀՀ-ից տարիներ առաջ արտագաղթած եւ տեւական ժամանակ ՀՀ-ից բացակայող, անգամ այդ ընթացքում ոչ մի անգամ Հայաստան չժամանած եւ վաղուց այլ պետությունների քաղաքացի հանդիսացող հազարավոր մարդկանց անուններն ընդգրկվել էին տարածքի ընտրացուցակներում: «2008 թվականին ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել են Գորիսի մոտ ութ հազար ընտրողներ, որն այդ տարվա համար եղել է խիստ ուռճացած, ռեկորդային: Վերջին հինգ տարիներին, Գորիս քաղաքում փաստացի բնակվող ընտրողների թիվը պակասել է առնվազն հազարով, մինչդեռ մայիսի 6-ին ընտրությունների մասնակցած ընտրողների թիվը պակասելու փոխարեն, էականորեն «աճել» է եւ դարձել 9775 մարդ: ՀՀ-ից երկար ժամանակ բացակայող Գորիս քաղաքի ավելի քան 3000 բնակիչների փոխարեն ՀՀԿ-ի եւ նրա թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին կատարվել է քվեարկություն: Նույնը կատարվել է Սիսիանում եւ մնացած բնակավայրերում»,- ասում է մեր զրուցակիցը: Նա պարզապես անհնար է համարում այն, որ Սիսիանում ընտրությունների մասնակցել է 7500 մարդ, քանի որ այդքան կամ մի փոքր ավելի շատ բնակիչ ունի Սիսիան քաղաքը:

Այս ընտրությունների արդյունքում Սամվել Հարությունյանի օգտին արձանագրվել է 1492 ձայն: Հիշեցնենք, որ 2007-ին մեր զրուցակիցն ինն անգամ ավելի ձայներ էր արձանագրել: Սույն իրողությունը նա այսպես է բացատրում. «Վստահ եմ, որ բազմապատիկ ավելի ձայն եմ ունեցել, որովհետեւ ավելի քան երբեք, շատ բուռն ընտրարշավ եմ անցկացրել: Համոզված եմ, որ իրական արդյունքներն այլ են: Ինչ մնում է արձանագրված ձայներին` չմոռանանք, որ Գարեգին Նժդեհն իր փայլուն, փառապանծ հաղթանակները կերտել է առավելագույնը 700 հոգով` փրկելով ոչ միայն ներկայիս Սյունիք, այլ ներկային Հայաստանի Հանրապետությունը: Շատերն անգամ զարմացած են, որ այդքան ձայն կարողացել ենք պահել»:

Մեր զրուցակիցը չի պատրաստվում համակերպվել ընտրությունների այս արդյունքների հետ: Սակայն նախատեսվող քայլերի մասին կբարձրաձայնի քիչ ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031