Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների` նախընտրական քարոզչության ընթացքում ամենաշատ գումար ծախսել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նրանց շարքում առաջատարը Սամվել Ֆարմանյանն է:
Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆարմանյանը նախընտրական քարոզչության միջոցառումների կազմակերպման, ինչպես նաեւ քարոզչական նյութերի ու գովազդի համար ծախսել է մոտ 10 միլիոն դրամ: Ուշագրավ է, որ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերում տարբեր օրերին մուտք է արվել նույն չափի գումար` 99 900 դրամ, մի քան անգամ էլ` 990 900 դրամ:
Ֆարմանյանի մրցակիցը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը քարոզարշավին ծախսել է ավելի քան կես միլիոն դրամ:
Ֆարմանյանին ծախսած գումարի մեծությամբ հաջորդում է կրկին հանրապետական Արթուր Ստեփանյանը` 9 928 000 դրամ (նա Ֆարմանյանից ընդամենը մոտ 60 հազար դրամ է քիչ ծախսել): Ստեփանյանը պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքում` հաղթելով երեք մրցակիցներին` այդ ընտրատարածքի արդեն նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Մանուել Գասպարյանին:
Կարդացեք նաև
Երրորդ տեղում կրկին ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքից ընտրված Արտակ Սարգսյանն է: Նա քարոզարշավի ընթացքում ծախսել է 9 միլիոն 240 հազար դրամ: Սարգսյանը հաղթել է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանին, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին, անկուսակցականներ Սաթիկ Սեյրանյանին եւ Ալեքսան Մինասյանին:
Ընտրություններում գումար չեն ծախսել երկու թեկնածուներ` Հայկ Հովհաննիսյանը եւ Իշխան Խաչատրյանը: Նրանք սակայն, իրենց նախընտրական հիմնադրամներում որոշակի գումար ունեցել են:
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան