Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին դիմեցին, բայց չօգտվեցին

Մայիս 14,2012 11:09

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն եւ ՕԵԿ-ը համատեղ դիմում էին ստորագրել` ուղղված ԱԱԾ-ին: «Կարևորելով ընտրությունների ժամանակ հանրապետությունից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը և նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետևյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքները անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու»,- նշված էր հաղորդագրության մեջ:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից, ում նախաձեռնությամբ էլ քաղաքակիրթ մրցակցություն պահպանելու շրջանակներում կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը, Aravot.am-ը հետաքրքրվեց` որեւէ  կուսակցություն օգտվե՞ց իրեն ընձեռված այդ հնարավորությունից: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ որեւէ մեկը դրանից այդպես էլ չօգտվեց, թեեւ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն ուսուցում անցան: Aravot.am-ի հարցին` ինչո՞վ է ինքը դա պայմանավորում` անհրաժեշտությո՞ւն չառաջացավ, թե՞ կուսակցությունները թերացան իրենց վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, ուղղակի անհրաժեշտությունը չեղավ»:

Դավիթ Հարությունյանից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ արդյունքներ ստացվեցին նախընտրական եւ ընտրական շրջանում կուսակցությունների միջեւ քաղաքակիրթ մրցակցություն ապահովելու իր նախաձեռնությունից: «Ես կարծում եմ, որ մի որոշ չափով դա իր դերակատարումն ունեցավ եւ մեզ մասամբ հաջողվեց ապահովել քաղաքակիթ մրցակցություն: Սա առաջին փորձն էր, նոր-նոր ձեւավորվում է ինչ-որ քայլ եւ դա, կարծում եմ, տվեց իր դրական արդյունքը, թեեւ ոչ այն ծավալով, ինչը որ ես ակնկալում էի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031