Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը, որն արդեն մի քանի օր է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ հացադուլ էր հայտարարել, այսօր երեկոյան այն ավարտեց:
Aravot.am-ին պարոն Վարդանյանն ասաց, որ հացադուլն ավարտելը ոչ թե իր, այլ իրեն սատարողների որոշումն էր. «Նրանք իմ առաքելությունն ու այն խնդիրը, որ իմ առջեւ դրել էի՝ համարեցին ավարտված, ես ենթարկվեցի իրենց կամքին»:
Արտավազդ Վարդանյանն ասաց, որ իրեն ընկերները նաեւ տեղեկացրել են, որ իր՝ այլընտրանքային ընտրությունների պահանջը բավարարված է. «Մոտ ժամանակներս, այն քննարկումները այլընտրանքային ընտրությունների շուրջ լինելու են, խնդիրը թվի մեջ չէ, ես 10 օր, թե 30 օր հացադուլ կանեմ»:
Ինչ վերաբերում է մայիսի 6-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մերժմանը, պարոն Վարդանյանն ասաց, որ այլ բան սպասելի էլ չէր: «Գիտենք, իշխանություններն ինչ են անելու, իսկ ընդդիմությունն ավելի ընդդիմադիր երեւալու համար ինչ է անելու, նույն տեխնոլոգիաներն են»,- հավելեց պարոն Վարդանյանը ու հեռացավ «Սարդարապատ» նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի մեքենայով: Նրա հետ էին նաեւ «Փրկենք Թեղուտը» շարժման ակտիվիստներից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ