Ազգային Ժողովում համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր, հինգական պատգամավորներ ՝«Ժառանգություն», «Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կոսակցություններից, ՀԱԿ-ից՝ 7 եւ Հանրապետական կուսակցությունից 40 պատգամավորներ: Այսօր այս տվյալները արտահերթ նիստում հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել 25-40 տարեկան 13 պատգամավոր, 40-60 տարեկան՝ 26 եւ 60-ից բարձր 2 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, 41 մեծամասնական պատգամավորներից միայն 2-ն են կանայք:
Ամենատարեց պատգամավորը 14 ընտրատարածքից է՝ 62 ամյա Վրեժ Մարկոսյանը, իսկ ամենաերիտասարդը 37 ընտրատարածքից ընտրված 28 ամյա Հայկ Գրիգորյանը:
Պարոն Մուկուչյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ ընտրությունների կապակցությամբ հանձնաժողովը 531 դիմում է ստացել, որից 478-ը մեկ քաղաքացու կողմից է եղել: Ամփոփելով ընտրությունները՝ նա ասաց, որ ընտրախախտումների մասին aravot.elections.am կայքում տեղ գտած տեղեկություններին արագ արձագանքել ու տվել են անհրաժեշտ մեկնաբանություններ:
Կարդացեք նաև
Հանձնաժողովն այսօր մեկ այլ որոշմամբ մերժեց մայիսի 6-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը՝ հիմավորելով, թե չկան անհրաժեշտ փաստերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ