Մեր տեղեկություններով, հաղթանակի օրը` մայիսի 9-ին, հրմշտոցի ու ծեծկռտուքի պատճառով մահացել է Գյումրու Անի թաղամասի Կարմիր Խաչի շենքերից մեկում բնակվող 57-58- ամյա Աշոտ անունով մի տղամարդ: Տարածված խոսակցությունների համաձայն , Աշոտը երկար տարիներ սիրային հարաբերությունների մեջ է գտնվել իրենց ուկրաինացի հարևանուհու հետ, այդ օրը լինելով ոչ սթափ վիճակում, այսպես ասած նեղացրել է այդ կնոջը, ով էլ բողոքել է իր ամուսնուն: Վերջինս էլ իր հերթին է հարբել, վիճաբանության մեջ է մտել Աշոտի հետ: Մի խոսքով շենքի նախամուտքում ծեծկռտուք են սարքել, միմյանց հրշմտել, Աշոտը ապտակել է հարևանին, վերջինս էլ հրել է նրան, որի պատճառով էլ ընկնելով աստիճանների վրա կորցրել է գիտակցությունը: Աշոտին անմիջապես տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց , որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Հիվանդանոցից Aravot.am –ին փոխանցեցին, որ տուժողը բժշկական տերմինով ասած կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել:Նշենք, որ Աշոտի կինը մահացած էր, ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի, դուստրերից մեկն ամուսնացած է, մյուսը դպրոցահասակ է ու գտնվում էր հոր խնամքի տակ:Իսկ որդին մեկնել էր Ռուսաստան` խոպան: Մեզ հաջողվեց ճշտել, որ հարևանները ևս 3 զավակներ ունեն: Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ մահ պատճառելու համար, Աշոտին հրող տղամարդը ձերբակալված է, թեև նշենք, որ մեզ առայժմ չհաջողվեց ճշտել հարևանների անուն-ազգանունները և այլ մանրամասներ: Գործը քննող քննիչ Արայիկ Դարբինյանի հեռախոսահամարը ամբողջ օրը անհասանել էր: Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում `մանրամասներ ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ