Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: <<Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր կյանքում, լինի չափազանց կշռադատված ու նպաստի թե՛ ձեր նպատակների իրականացմանը և թե՛ մեր երկրի, մեր մայրաքաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը:>> – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հանդիպման խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար՝ շրջանավարտներն իրենց հերթին նկատել են, որ արդեն այն փաստը, որ իրենք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի շրջանավարտներ են, մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է դնում իրենց ուսերին: Ըստ այդմ նրանք վստահեցրել են, որ կյանքի ցանկացած իրավիճակում կփորձեն դրսևորել իրենց այնպես, ինչպես ապրել ու գործել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ով նրանց համար իրապես հանդիսանում է մարդկայինի, ազգասիրության ու հայրենիքին անմնացորդ նվիրումի չափանիշ:
Ի հիշատակ այս հանդիպման՝ շրջանավարտները քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել են լուսանկարվել իրենց հետ և վստահեցրել են, որ այդ լուսանկարը տեղ կգտնի իրենց ավարտական ալբոմում` դառնալով թերևս հանդիպան ընթացքում իրենց կողմից տրված խոստման ամենապարտավորեցնող հիշեցումը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն