ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային:
Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից: Ներկայացուցչական այս յուրահատուկ հարթակը, որտեղ համատեղ, իրավահավասար հիմունքներով քննարկումներ էին անցկացնում ընտրական գործընթացում ներգրավված ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հնարավորություն տվեց դիտարկելու եւ կանխարգելելու թե օպերատիվ լուծում պահանջող խնդիրներ, թե հարցեր, որոնք կապված էին Ընտրական օրենսգրքի կիրարկման հետ: Պարոն Նիկոյանը նշեց, որ հետագայում աշխատանքներ կտարվեն արձանագրված թերացումների վերացման համար, որոնք, այդուհանդերձ, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ այն համատեղ աշխատանքի համար, որ մինչ այս տարվել է ԱԺ տարբեր օղակների հետ, Ռադմիլա Շեկերինսկան վստահություն հայտնեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի` իր նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացմանը:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում: Դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն իրոք կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաեւ զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:
Տիկին Շեկերինսկան ճիշտ որոշում որակեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարեւորեց այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար` բոլոր կողմերին ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, եւ եզրահանգումն այպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձեւաչափը կարելի է կիրառել նաեւ հետագայում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ երկու ամիս անց կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը, որում կներառվեն նաեւ հետընտրական որոշ դիտարկումներ, ինչպես նաեւ առաջարկներ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ Ազգային ժողով