Կարեւորելով հնագիտական ժառանգության պահպանության նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը, ինչպես նաեւ թանգարանի կրթական-մանկավարժական առաքելությունը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իր գործունեությունը կսկսի «Պատանի հնագետ» դպրոցը:
Նախաձեռնության նպատակն է դպրոցական տարիքից բարձրացնել հնագիտական ժառանգության արժեքի նկատմամբ հանրային իրազեկման աստիճանը` անցյալը հասկանալու, ինչպես նաեւ այդ ժառանգությանն սպառնացող վտանգները կանխելու համար: Դպրոցը հնարավորություն կտա ոչ միայն ձեւավորել կենդանի եւ խաղարկային պատկերացում անցյալի մասին, այլ կդաստիարակի նաեւ պատասխանատվություն հնագիտական հուշարձանների պահպանության նկատմամբ` փորձնական հնագիտության միջոցով: Տեսական ու գործնական պարապմունքներով ընթացող դասընթացի առանցքում դնելով Էրեբունի ամրոցը` արգելոց-թանգարանը հետապնդում է մեկ այլ հեռահար նպատակ եւս` նոր սերնդի համար բարձրացնել Երեւանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի ճանաչելիության աստիճանը:
Ինտերակտիվ տեսական դասընթացը կներկայացնի 6 թեմաներ` հնագիտության տարրական հասկացությունների, պեղումների, Ուրարտուի հնագիտության, սեպագրերի եւ դրանց ընթերցման մեթոդների, թաղման ծեսի եւ հետուրարտական հնագիտական ժառանգության վերաբերյալ: Գործնական պարապմունքները կընթանան թանգարանի շենքի հարեւանությամբ կառուցված պեղումների ուսումնական հրապարակում, որը վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնությամբ:
Առաջին դասընթացին, որի մեկնարկը կտրվի 2012թ. մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 18 սաներ: Դասընթացի հեղինակն է երիտասարդ գիտնական, «Էրեբունի» արգելոց-թանգարանի գիտահետազոտական բաժնի աշխատակից Միքայել Բադալյանը: Առաջին դասընթացի հաջողությամբ պայմանավորված` «Պատանի հնագետ» դպրոցը կարող է առաջիկայում դառնալ թանգարանային մարկետինգի արդյունավետ գործիք:
Կարդացեք նաև
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան