Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը ոչ միայն կրակոց է, այլեւ հաղթանակ

Մայիս 12,2012 14:07

Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության թանգարանը երեկ կազմակերպել էր հայոց ազգային բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում:

Թանգարանում ցուցադրվում էին նկարիչներ Վլադիմիր Գրիգորյանի եւ նրա տիկնոջ՝ Ֆլորա Բաղդասարյանի հրաշալի բնանկարները: Տնօրեն Գայանե Ղազարյանի կողմից նրանք արժանացան շնորհակալագրերի:

Հաղթանակի Եռատոնին հրավիրվել էին եւ մասնակցեցին Ազգային հերոսներ Մովսես Գորգիսյանի կինը՝ տիկին Ռուզաննան, եւ Վիտյա Այվազյանի կինը՝ տիկին Կարինեն, նրա դուստրն ու որդին:

Գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը ներկայացրեց, թե ինչպես սկսվեց պատերազմը, թե ինչպես եւ ինչ զենքով էին մեր առաջին կամավորները: «Արցախյան պատերազմին 6000 զոհ տվեցինք»,- հուզված ասաց նա:

Մանկագիր Հայկուշ Օհանյանը, որը նաեւ մահապարտի կին է, դատարկաձեռն չէր եկել. նա իր հետ բերել էր եւ Ազգային հերոսների կանանց նվիրեց «Ճերմակ աղավնիներ» գիրքը, մեկն էլ նվիրեց թանգարանին:

Հուզիչ էր, որ գիրքը ներկայացրեց արցախյան գոյամարտի կենդանի հերոսներից մեկը՝ Աղաբեկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ «Ճերմակ աղավնիները» հեղինակի թվով 8-րդ գիրքն է. «Այս գրքում հայ ժողովրդի, նրա ուժի հաղթանակն է»:

Առհասարակ, ազատամարտի մասնակիցները շատ չեն սիրում խոսել: Եթե խոսում էլ են, ապա խոսում են իրենց մարտական ընկերներից, նրանց հերոսապատումներից: Այդպես էր եւ Աղաբեկ Խաչատրյանը:

«Արծիվ» մահապարտների ջոկատի անդամ Սուսաննա Գալստյանն ասաց, որ եթե սկսի պատմել իր ընկերների մասին, դա «սերիալ կլինի»: Նա հիշեց, թե ինչպես 1992թ. դեկտեմբերի 2-ին Կապան էր գնացել 18 տոննա «բեռով»՝ զինամթերքով: Մտերիմները, որոնք գիտեին այդ մասին, հարցրել են. «Բա որ թուրքը խփի», իսկ տիկին Սուսաննան կատակով պատասխանել էր. «Թուրքը որ տեսնի՝ ես եմ, կվախենա՝ չի խփի»: Մի տեղ հուզիչ, մի տեղ կատակով տիկին Սուսաննան ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը. նրանցից 10-ը Արցախյան պատերազմի մասնակիցներ են եղել, ամուսինը, որդիները…

Ռուզաննա Գորգիսյանի համար ամեն անգամ Եռաբլուր բարձրանալը տանջալի է. «Ես կուզեի, որ այրու կարգավիճակով չլինեի, այլ ՀՀ քաղաքացու: Ամեն անգամ ամաչում եմ Եռաբլուրից: Պիտի, սակայն, գիտակցենք, որ պատերազմը ոչ միայն կրակոց է, այլեւ ոգի: Հայաստանում Արցախի դրոշն է բարձրացվում, ժամանակն է, որ Արցախն էլ Հայաստանի՝ որպես մեկ միասնական հայրենիքի դրոշ բարձրացնի»:

Գեներալ Արսեն Ֆիդանյանի համար պատերազմն իր հետքը թողել է երեխաների, թիկունքի դժվարությունները տարած մարդկանց վրա էլ:

Միջոցառմանը մասնակցում էին թիվ 2 ավագ դպրոցի դպրոցականները, իսկ նրանցից մի աղջնակ էլ բազուկը բարձր պահած կատարեց «Գետաշեն» հայրենասիրական երգը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031