Երեկ «Արենա» ակումբում բոուլինգի մրցաշար էր կազմակերպվել, որը բարեգործական բնույթ էր կրում: Մրցում էին հետեւյալ ընկերությունների՝ «Արայ», «Կոկա-կոլա Հելենիկ բոթլինք քամթնի», «Իմեքս գրուպ», «Էրնսթ ընդ Յանգ» եւ HSBC բանկի թիմերը, որոնք մասնակցության համար ներդրել էին 150000-ական դրամ: Այդ գումարն ուղղվելու է «Օրրան» բարեգործական կազմակերպության շահառուների կարիքները հոգալուն: Հայաստանում ձեւավորվել է բարեգործություն անելու նոր մշակույթ՝ սպորտի եւ զվարճանքի միջոցով: Հիշյալ միջոցառումը կրում էր «Օգնիր զվարճանալով» խորագիրը:
Հիշեցնենք, որ «Օրրանի» առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին, միայնակ ու անօգնական ծերերին: Կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ 2000թ.: «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղն էլ ստեղծվել է 2009 թվականին:
«Առավոտ» օրաթերթ