«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն անընդմեջ 7-րդ տարին ստանձնում է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավորությունը: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ համատեղ մամուլի ասուլիս՝ նվիրված «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ասուլիսին մասնակցեցին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Այս տարի «Ոսկե ծիրանը» կկայանա հուլիսի 8-15-ը: Նորից փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ու մշակույթի նախարարությունը:
Փառատոնը ստացել է 1020 հայտ (անցյալ տարի՝ մոտ 700 հայտ էր)՝ աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե ծիրանի» հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին: Այս մասին է վկայում նաեւ փառատոնին հանրահայտ կինոգործիչների ներկայությունը, ինչն արդեն դարձել է «Ոսկե ծիրանի» ամենասպասված ավանդույթներից մեկը: Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի կազմի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երեւանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր ծրագիր՝ «Գիրք եւ կինո» խորագրով, որտեղ ընդգրկվելու են հայ եւ համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:
Կարդացեք նաև
Մրցութային ծրագիրը 2012թ.-ին կպահպանի 4 մրցույթները՝ «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ»: Վերջինս մեկնարկել է 2011թ.-ին եւ անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը եւ իր աշակերտները») եւ Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարեւորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:
Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արեւելյան գործընկերության ծրագրի մի մաս եւ իրագործվում է Եվրամիության աջակցությամբ:
Մինչեւ փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաեւ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց՝ միջազգային բարձրակարգ մասնագետների եւ Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Նրանց համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:
«Առավոտ» օրաթերթ