Ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բարդ ծրագրով
Ավանդույթի համաձայն, արվեստի բուհերը ուսումնական տարվա ավարտին կազմակերպում են հաշվետու ցուցադրություններ՝ ներկայացնելով ուսանողների կատարած աշխատանքը: Եթե Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը այն կազմակերպում է լսարանային կամ ուսումնական թատրոնում, Գեղարվեստի ակադեմիան էլ՝ իր պատկերասրահում, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան դասարանական համերգներ է անցկացնում թե իր դահլիճում եւ թե երեւանյան համերգասրահներում:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի Կ. Սարաջեւի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: 89-ամյա կոնսերվատորիայի շնորհիվ է, որ այսօր ունենք 88-ամյա Կոմիտասի անվան լարային քառյակ, 86-ամյա ֆիլհարմոնիկ նվագախումբ, 79-ամյա օպերային թատրոն, 75-ամյա կապելլա եւ այլ նվագախմբեր ու կամերային անսամբլներ:
Անդրադառնալով այսօր կայանալիք ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ նշենք, որ տասը տարի այն ղեկավարում է Ռուբեն Ասատրյանը, որին հաճախ հանդիպում ենք օպերային թատրոնի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի վահանակի մոտ: Ի դեպ, ուսանողական նվագախմբի պարագայում պարտադիր չէ հանդիսատեսին ներկայանալը, մանավանդ՝ կայացած նվագախմբերին բնորոշ բարդ ծրագրերով:
Կարդացեք նաև
Ժամանակին Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, նվագախումբը հանդես է եկել Դվորժակի 9-րդ, Բեթհովենի 7-րդ սիմֆոնիաների եւ համաշխարհային այլ նվագախմբային գրականության բարդագույն ստեղծագործություններով: Այսօրվա համերգի հայտագրում էլ կարդում ենք՝ Տերտերյան՝ 3-րդ սիմֆոնիա, Ռավել՝ «Բոլերո» եւ այլն:
Հարցին, թե նվագախմբային դասարանի ղեկավարը մեծ ռիսկի չի՞ գնում՝ ուսանողական նվագախմբով ներկայացնելու հիշյալ երկերը, Ռուբեն Ասատրյանը պատասխանեց. «Իսկապես այս տարվա «հաշվետվությունը» ռիսկային է: «Բոլերոյի» կատարման ժամանակ ողջ ծանրությունը ընկած է նվագախմբի փողային կազմի վրա: 3-րդ սիմֆոնիայի մեկնաբանման ժամանակ էլ դարձյալ փողայիններն ու այս դեպքում՝ նաեւ հարվածայինները պետք է աշխատեն ցույց տալ երաժշտի իրենց մաքսիմումը: Ինքս հանգիստ եմ, քանի որ ուսումնական տարվա ընթացքում նույնիսկ փորձերն անցկացրել ենք խումբ-խումբ, հանդիսատեսն էլ, վստահ եմ, որ որոշ վերապահումներով կմոտենա ուսանող-երաժիշտների ելույթին»:
Մեր զրուցակիցը հավելեց՝ փաստելով, թե աշխարհի երաժշտական համալսարանների շրջանավարտների 90%-ը, եթե ոչ ավելին, համալրում են նվագախմբերը. «Ուսանողի համար կարեւոր է ոչ միայն մենակատարի, այլեւ անսամբլային ելույթը: Այն կատարողից պահանջում է հոգեբանական վիճակից սկսած մինչեւ գեղարվեստական ու տեխնիկական բարդույթների հաղթահարում»:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ շուրջ 90 երաժշտից բաղկացած ուսանողական նվագախմբի աշխատանքներում անկասկած իրենց դերն ունեն յուրաքանչյուրի մասնագիտական դասարանի պրոֆեսորը, ինչպես նաեւ կոնսերվատորիայի ռեկտորատը, որի ուշադրության կենտրոնում է նվագախմբային դասարանի ուսումնական ընթացքը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ