Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ ոստիկանապետին, պաշտպանության նախարարին

Մայիս 12,2012 13:41

56 տարեկան եմ: Ունեմ բարձրագույն իրավաբանական կրթություն: Ոստիկանության մայոր եմ, աշխատել եմ ոստիկանության Էրեբունու բաժնում:  1987թ. անձնական նախաձեռնությամբ կազմակերպել եմ Մախլուտոյի  հուշաքարի տեղադրումը նրա տան պատին:

1988թ. երկրաշարժից հետո Սպիտակի թիվ 3 դպրոցի փլատակներից փրկել եմ 16 երեխայի կյանք: Պետությանը վերադարձրել եմ  խոշոր  դրամական եւ նյութական միջոցներ. Կուրսալու  գյուղում հրդեհից փրկել եմ գյուղի մեքենատրակտորային կայանը, նաեւ Քարաձոր ու Կուրսալու գյուղերի անասնահոտը, Սպիտակի կարի ֆաբրիկայում պահպանել եւ պետությանն եմ հանձնել պատրաստի արտադրանքը: Պարգեւատրվել եմ ՀՀ կառավարության շնորհակալագրով, «Գթություն» մեդալով, ՀամԼԿԵՄ  կենտկոմի պատվոգրով: Իմ մասին անդրադարձել են «Վաշինգթոն պոստ», «Գրական թերթ», «Երեկոյան Երեւան», «Կանչ» թերթերը, «Հ1», «հ2», «Արմենիա», «Կենտրոն», «Երկիր մեդիա» եւ «Միր» հեռուստաընկերությունները: Ես Արցախյան ազատամարտի մասնակից եմ, վիրավորվել եմ ձեռքից՝ Լաչինի համար մարտերում: Մասնակցել եմ Վարդենիսի, Կոռնիձորի, Մարտակերտի, Ասկերանի եւ Լաչինի մարտերին: Պարգեւատրվել եմ ՀՀ նախագահի «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» եւ ԵԿՄ մեդալներով: Արտաշես Ալեքսանյանս խնդրանքով դիմում եմ ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին: Ունեմ դպրոցահասակ երկու զավակ, որոնք գերազանց են սովորում:

Ճիշտ է, անցել եմ աշխատանքային կենսաթոշակի, սակայն առանց աշխատանքի չեն լուծվում իմ ընտանիքի եւ իմ կենսական տարրական հարցերը: Տարել եմ սրտի ստենդավորում, որի վճարն ինձ գցել է ծանր նյութական դրության մեջ, իսկ դեղամիջոցների վրա ծախսում եմ ողջ կենսաթոշակս: Կարող եմ աշխատել որպես իրավաբան՝ անվտանգության համակարգում, իմ ունեցած գիտելիքներով եւ փորձով օգտակար լինել:

Աշխատանքի հարցով դիմել եմ տարբեր ատյաններ, սակայն՝ ապարդյուն: Ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ իմ ազգին ծառայելուն, պետության շահերի պաշտպանությանը, արյուն եմ թափել իմ հողի համար՝ չխնայելով կյանքս: Կարծում եմ՝ իմ ապրած կյանքը թույլ է տալիս այսօր պահանջել ամենատարրականը՝ աշխատանք, որը հնարավորություն կտա ինձ լուծելու ընտանիքիս կենսական հարցերը:

ԱՐՏԱՇԵՍ  ԱՐՏԱՎԱԶԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031