Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց, բայց հաղթեց Շիրակի մյուս տարածքներում

Մայիս 12,2012 13:38

Գյումրու պատճառով ՀՀԿ-ի օգտին քվեարկողների թիվը 47.32%-ից հասավ 36,51%-ի: Մինչ Շիրակի մարզի նորընտիր պատգամավորները ռեստորաններում քեֆ են անում՝ տոնելով իրենց հաղթանակը, բնակչությունը դեռ շարունակում է ակտիվորեն քննարկել ՀՀԿ-ականների պարտությունն ու ԲՀԿ-ականների հաղթանակը: Շիրակի մարզի 4 ընտրատարածքներից 3-ում հաղթեցին ԲՀԿ-ական թեկնածուները, եւ եթե նրանցից մեկը՝ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը, հաղթեց առանց մրցակցության, ապա մյուս 2-ը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը դաժան պայքարի մեջ մտան հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների հետ: Մուշեղ Պետոյանը Արթիկում ու Մարալիկում հաղթեց Արթիկի քաղաքապետի եղբորը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին: Սակայն եթե նկատի ունենանք, որ Մխիթար Վարագյանը իր 10 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում խորհրդարանում ոչ մի հարց չի բարձրացրել, ապա Մուշեղ Պետոյանի հաղթանակը ինչ-որ տեղ հասկանալի էր: Թերեւս անսպասելի էր Գյումրիում ՀՀԿ-ական թեկնածուի՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի պարտությունը: Նա, ինչպես հայտնի է, մեծամասնական կարգով ընտրապայքարի էր դուրս եկել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի դեմ: Հաշվի առնելով, որ Արման Սահակյանը հանրապետության 10 խոշոր հարկատուների մեջ է ու նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորներից, ի սկզբանե այն տպավորությունն էր, որ հենց այս թեկնածուն է հաղթելու: Սակայն ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը իր դիրքերը ոչ մի կերպ չզիջեց: Եվ ոչ միայն Մարտուն Գրիգորյանը, այլեւ այդ տարածքում կուսակցությունը հաղթանակ տարավ՝ 6155 ձայնով առաջ անցնելով ՀՀԿ-ից: Ուսումնասիրելով Շիրակի մարզում ԱԺ ընտրությունների արդյունքներին վերաբերող տվյալները` տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրել միմիայն Գյումրիում, ընդ որում՝ ոչ միայն չի կարողացել ձայներ ապահովել թիվ 34 ընտրատարածքում, այլեւ թիվ 33 եւ 35 ընտրատարածքների՝ Գյումրին ընդգրկող հատվածներում, եւ եթե վերջին 2 ընտրատարածքներում ՀՀԿ-ին հաջողվել է հաղթանակ տոնել, ապա դա գյուղերից ստացած ձայների շնորհիվ:

ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում, որն ընդգրկում է հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանները, Գյումրու ու Ախուրյանի մի հատվածը, ընդամենը 550 ձայնով է առաջ անցել իր հիմնական մրցակցից՝ ԲՀԿ-ից: Հանրապետականը միգուցե ավելի շատ ձայներ հավաքեր այստեղ, եթե տանուլ չտար այս ընտրատարածքի մեջ մտնող Գյումրու հատվածը՝ Տեքստիլագործների, Անտառավան թաղամասերը: Փաստն այն է, որ ՀՀԿ-ն Գյումրու այս հատվածում դարձյալ պարտություն է կրել՝ 3186 ձայնով զիջելով ԲՀԿ-ին: Զարմանալի է, որ հանրապետական Աշոտ Աղաբաբյանը, որը թիվ 33-ում մեծամասնական ընտրակարգով «ջախջախել» է իր հակառակորդներին՝ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին եւ ՀՀՇ-ական Շալիկո Զորյանին, այս ընտրատարածքում այնքան էլ հետեւողական չի եղել սեփական կուսակցության հաղթանակին: Իշխող կուսակցությունը հաղթել է նաեւ Սամվել Բալասանյանի տիրակալության տակ գտնվող ընտրատարածքում՝ թիվ 35-ում: Ախուրյանը, հարակից գյուղերն ու Գյումրու մի հատվածը ընդգրկող այս ընտրատարածքում ՀՀԿ-ն չնչին ձայներով՝ 1518-ով առաջ է անցել ԲՀԿ-ից: Այստեղ եւս ՀՀԿ-ն հաղթանակ չէր տանի, եթե օգնության չհասնեին գյուղերը. թիվ 35 ընտրատարածքի մեջ մտնող Գյումրու հատվածում ՀՀԿ-ն դարձյալ պարտություն է կրել. հավաքել է 3 հազար ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 5602: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ն հաղթանակ է տարել նաեւ դաշնակցական գյուղապետ ունեցող Ախուրյանում, եւ սա այն դեպքում, երբ գյուղապետը անձամբ թեկնածու էր Դաշնակցության համամասնական ցուցակում: Իսկ ահա թիվ 36 ընտրատարածքում, որն ընդգրկում է մարզի մյուս 2 քաղաքները՝ Արթիկն ու Մարալիկը իրենց գյուղերով, իշխող կուսակցությունը 6600 ձայնով առաջ է անցել ԲՀԿ-ից: Մի խոսքով, ՀՀԿ-ն մեծ պարտություն է կրել միայն Գյումրիում՝ 11943 ձայնով զիջելով ԲՀԿ-ին, իսկ ամբողջ մարզի մասշտաբով իշխող կուսակցությունը հաղթել է ԲՀԿ-ին`առաջ անցնելով 2482 ձայնով: Փաստացի ողջ Շիրակի մարզում ՀՀԿ-ն ստացել է 46.126 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 43.644 ձայն: Մարզի թվով 118 համայնքներում (առանց Գյումրի քաղաքի) ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 25.6 տոկոսը: Ի դեպ, 2007 թվականի ԱԺ ընտրությունների հետ համեմատած՝ ՀՀԿ-ն այս անգամ 11 հազար 110 ձայնով բարելավել է իր դիրքերը մարզում, իսկ Գյումրիում` ընդամենը 710 ձայնով: Ներկայացված տվյալներից ակնհայտ է, թե Շիրակի մարզի որ տարածքում ՀՀԿ պատասխանատուներից ով ինչպես է աշխատել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031