Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը

Մայիս 12,2012 13:13

  Մայիսի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՙԱրաբական պետությունների լիգա՚ մոդել-համաժողովը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

   Խորհրդաժողովում Երևանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական պետությունների լիգայի խորհրդի, ինչպես նաև դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկեցին Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծեց ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-խորհրդաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրեց, որ ՙԱրաբական պետությունների լիգա՚ մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ «Հայաստանում շատ են կազմակերպվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մոդել-համաժողովներ, սակայն արաբական պետությունների հետ առնչվող նման ձևաչափի միջոցառում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ մենք սերտ առնչություն ունենք Արաբական աշխարհի հետ»,- ասաց Արտակ Շաքարյանը: Նա հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին. ՙՄենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները և տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար՚։

Մոդել-համաժողովը ոչ միայն ուսուցողական նպատակ ունի, այլև բարելավում է երիտասարդների՝ բանակցություններ վարելու, հաղորդակցման և համաձայնության գալու հմտությունները։ ՙԱրաբական պետությունների լիգա՚ մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արևելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։

Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են նախապատրաստական սեմինարներ։ Փորձառու դասընթացավարները մասնակիցներին տրամադրել են նաև անհրաժեշտ գրականություն և օժանդակ նյութեր։ Ծրագրի նպատակն է հայ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկությունը Մերձավոր Արևելքի քաղաքականության, արաբ-իրանական հարաբերությունների, մասնավորապես տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի պատմության և կառուցվածքի վերաբերյալ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031