Ապրիլի 11-ին «Առավոտը» «Փամփերսների համար համար ստիպված ծախել է իրենց կովը» հրապարակման մեջ ներկայացրեց Տավուշի մարզի Չորաթանի բնակիչ Օգսեն Սահակյանի խնդիրը: Ցավոք, մեր հրապարակումից հետո էլ խնդիրը չլուծվեց: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ մայիսի 11-ի երեկոյան 29-ամյա Օգսեն Սահակյանը մահացել է: 2009թ. Օգսենն արտագնա աշխատանքի է մեկնել Վոլգոգրադ, աշխատել մի չորաթանցու խանութում: 2011թ. փետրվարին նա խաթարված առողջությամբ վերադարձել է Հայաստան: Բժիշկները ենթադրում են, որ Օգսենը Ռուսաստանում ենթարկվել է հոգեմետ դեղի մեծ դոզայի ազդեցության: Նրա հայրը՝ 52-ամյա ազատամարտիկ Վարդան Սահակյանը որդուն անգործունակ ճանաչելու հայցով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: 2012թ. փետրվարի 24-ին դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Օգսեն Սահակյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը, որը գործում է Երեւանի Նորք –Մարաշի Հովսեփյան 2ա հասցեում: Փորձաքննությունը նշանակվել է բավական ուշ՝ մայիսի 10-ին: Ադրբեջանի հետ սահմանի եզրին ապրող, սոցիալապես խիստ կարիքավոր, սակայն ընտանեկան նպաստ չստացող Սահակյաններն այդ հանձնաժողովին խնդրել են Օգսենի փորձաքննության ժամկետն ավելի շուտ նշանակել, սակայն նրանց խնդրանքները հաշվի չեն առնվել:
-Մայիսի 10-ին Օգսենին տարել են Երեւան, նա մեքենայից չի կարողացել իջնել, հենց մեքենայի մեջ հանձնաժողովի անդամները նրան նայել են,-ասաց Չորաթանի գյուղապետը:
Մայիսի 13-ին կկայանա Օգսեն Սահակյանի թաղումը: Ընտանիքը հոգեհացի, նրա գերեզմանի կառուցապատման համար փող չունի, քանի որ իր ունեցածը ծախսել է ավելի քան մեկ տարի Օգսենի համար թանկ դեղեր գնելու համար: Այդ նպատակով Սահակյանները վաճառել են նաեւ իրենց կովը:
-Եթե մինչ օրս Օգսենը հաշմանդամության թոշակ ստացած լիներ, այդ գումարները ընտանիքին որոշ աջակցություն կլինեին,-ասաց գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան