Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցի տիրուհին ընդդեմ «Բենզին Ռուբոյի» եւ՝ հակառակը

Մայիս 12,2012 12:56

Սեփականատերը փոխել է հյուրանոցի ցուցանակը:

Վարձակալը բողոքում է, որ նոր խոհանոց է կառուցվել զուգարանի կողքին:

2010թ. հուլիսից մինչ օրս Երվանդ Քոչարի 6 հասցեում գտնվող «BELLA» հյուրանոցային համալիրը վարձակալության հիմունքներով օգտագործել է «Նելլի Միքայել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Գալուստյանին, որը բենզալցակայանի տեր է եւ հայտնի է «Երկրորդ Բենզին Ռուբո» մականունով:

ՍՊԸ տնօրեն Նելլի Ավետիսյանն ասում է, որ պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա համար ինքը 80.000 դրամ գումար է վճարել Ռոբերտ Գալուստյանին: Այս տարվա հունվարի 24-ին Ռոբերտ Գալուստյանի եւ «Նելլի Միքայել» ՍՊԸ միջեւ կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, այն վավերացվել է նոտարական կարգով: Սակայն չանցած 10 օր՝ Ռոբերտ Գալուստյանը հյուրանոցի ներսում, առանց վարձակալի կարծիքը եւ համաձայնությունը ստանալու, սկսում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ: Բնականաբար, շինարարական աշխատանքների պատճառով հյուրանոցը զբոսաշրջիկ չի ընդունում եւ կրում է ոչ միայն լուրջ վնասներ՝ 16500 դոլար, այլեւ խախտվում են տուրիստական գործընկեր կազմակերպությունների հետ պայմանավորվածությունները եւ հյուրանոցն ընկնում է տուգանքների տակ: Ավելին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմում մեկ Ռոբերտ Գալուստյանը, պահանջելով վտարել ՍՊԸ-ն եւ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծել, մեկ էլ՝ «Նելլի Միքայել» ՍՊԸ նախագահ Նելլի Ավետիսյանը, որն էլ պահանջում է վերացնել վարձակալության իրավունքի խոչընդոտները եւ վարձակալած գույքի թերությունները:

Հյուրանոցը՝

արգելանքի տակ

Երեկ մենք այցելեցինք արգելանքի տակ գտնվող «BELLA» հյուրանոցային համալիր: Փակված էին համարները, հյուրանոցը չէր գործում: Ապրիլի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում է կայացնում Ռոբերտ Գալուստյանի միջնորդության վրա՝ մերժելով հայցի ապահովման միջոց կիրառելու համար «արգելել «Նելլի Միքայել» ՍՊԸ-ին անշարժ գույքում գործունեություն ծավալել՝ մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելը»: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Մակյանն էլ ապրիլի 28-ին որոշում է կայացնում՝ «Արգելել Ե. Քոչարի 6 հասցեի տարածքն օգտագործել որպես հյուրանոց»: Սակայն չանցած մի օր՝ նույն այդ դատարանը հանում է արգելանքը: Ավելին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի թիվ ԵԿԴ-0893/02.12 որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց որոշվել է. «Արգելել այլ անձանց, այդ թվում՝ ք. Երեւան, Երվանդ Քոչարի 6 հասցեում գտնվող «BELLA« հյուրանոցային համալիրի սեփականատեր հանդիսացող Ռոբերտ Գալուստյանին վերը նշված հասցեում որեւէ գործողություն կատարելուն եւ ծավալելուն, մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելը»:

Սեփականատիրոջ

դեմ՝ ոստիկանություն եւ դատախազություն

Ինչո՞ւ պայմանագիրը կնքելուց մի քանի օր հետո սեփականատերը որոշեց վտարման պահանջ ներկայացնել: Պատճառը մենք գտանք ՀՀ ոստիկանապետին եւ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հյուրանոցի տիրուհու՝ Նելլի Ավետիսյանի ահազանգում. «Փետրվարին Ռոբերտ Գալուստյանը, առանց իմ կարծիքն ու համաձայնությունը հաշվի առնելու, վարձակալած տարածքի առաջին հարկում սկսեց իրականացնել շինարարություն, որն արգելք հանդիսացավ իմ գործունեության բնականոն աշխատանքների իրականացմանը: Մի քանի անգամ պահանջեցի, որ նա դադարեցնի, սակայն Ռ. Գալուստյանը հայտնեց, որ ինքն այդ շինարարական աշխատանքները ոչ միայն չի դադարեցնելու, այլ «իր ուզած մարդիկ պետք է լինեն տարածքում, իսկ ես պետք է նրանց խանգարեմ»: Նա սպառնաց՝ ինձ կվնասի, ջարդուփշուր կանի իմ գույքը»:

ՍՊԸ-ի կին տնօրենը ներկայացնում է ՀՀ ոստիկանապետին, որ «բացեին կաթսայատան գազը՝ ըստ երեւույթին պայթյուն առաջացնելու նպատակով… ապրիլի 12-ին էլ, ուշ երեկոյան, բռնի ուժով, դռներին հարվածելով եւ դրանք կոտրելու փորձ կատարելով, այլանդակ հայհոյանքներով հյուրանոց էին փորձում ներխուժել Ռ. Գալուստյանի վրացի ընկերները: Ստիպված եմ եղել ահազանգել ոստիկանություն: Պարոն ոստիկանապետ, նման դեպքերում Ռոբերտ Գալուստյանը չի ենթարկվել նույնիսկ մեր կողմից կանչված ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Անդառնալի վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար, խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել Ռ. Գալուստյանի կողմից իմ եւ իմ գույքի նկատմամբ կատարվող եւ ապագայում սպասվելիք վտանգավոր եւ հանցավոր գործողությունները կանխելու համար»:

Գրավ դրված

առարկայի նկատմամբ

2012թ. փետրվարի 23-ից տարածքի սեփականատերը ապօրինաբար զբաղեցրել է հյուրանոցային համալիրի առաջին հարկը: Փոխել է գովազդային վահանակները, տեղադրվել է հյուրանոցի հետ կապ չունեցող վահանակ (տես՝ լուսանկարները), անջատել է լույսերը, աշխատանքի է ընդունել ռեստորանային աշխատողներ՝ վրացի խոհարարներ: Ապրիլի 20-ին հյուրանոցի տարածք է եկել անձամբ Կենտրոնի հարկային տեսչության տեսուչը, զրուցել «ռեստորանի աշխատողների հետ… վարձակալվել է հյուրանոց, սեփականատերը փորձում է… ռեստորան «պտտացնել»:

Հարկային տեսչության պետը գործուն քայլեր չի ձեռնարկել ահազանգից հետո անգամ: Ավելի տարօրինակ իրավիճակ էլ կապված է անշարժ գույքի նկատմամբ մեկ այլ սուբյեկտի հետ:

Վարձակալության հանձնված գույքը, ըստ իրավական ձեւակերպման՝ «ծանրաբեռնված» է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ՝ գրավի իրավունքով»: Մինչդեռ հայտնի է, որ գրավի առարկայի վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու եւ իրացնելու դեպքում վարձակալության պայմանագիրը համարվում է լուծված՝ առանց լրացուցիչ համաձայնագիր կնքելու»: Հերիք չի, որ անշարժ գույքը գրավ է դրված եղել, հարկայինում գրանցված է հյուրանոց, կադաստրում՝ կարի արտադրամաս, սեփականատիրոջ ցուցանակին՝ ռեստորան, մի տեղ՝ «ըistro»: Ահա լրջության աստիճանը, ահա հարկային դաշտը «կարգավորող» սուբյեկտի պահվածքը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031