Կուսակցությունների դաշինքով ընտրությունների գնալը բազմաթիվ անհարմարություններ ունի: 95-ի «Հանրապետություն» նոմենկլատուրային միավորումն ապրեց մինչեւ 97-ի վերջը, երբ առաջին նախագահի դիրքերը թուլացան, եւ ՀՀԿ-ն 1998-ին անցավ ուժեղի կողմը՝ ցույց տալով առնետավազքի դասական օրինակ: 99-ի «Միասնություն» նոմենկլատուրային դաշինքը գլխատվեց հոկտեմբերի 27-ին, որից հետո այդ դաշինքի շատ անդամներ կրկին անցան ուժեղի կողմը: 2003-ի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը կազմաքանդվեց՝ որեւէ լուրջ դերակատարություն չունենալով ընդդիմադիր դաշտում. այսօր այդ դաշինքի տարբեր անդամներ՝ Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարիչը, մեղմ ասած, տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն: Խնդիրը հենց այն է, որ դիրքորոշումներն ի սկզբանե տարբեր են, իսկ այդ միավորումները ստեղծվում են չափից դուրս պրագմատիկ նպատակներով՝ իշխանություն վերցնելու կամ իշխանություն պահպանելու, ու մի փոքրիկ քամին, որը կասկած է ներշնչում, թե դա իշխանությունը պահպանելու կամ նվաճելու արդյունավետ գործիք չէ, մահացու հիվանդություն է առաջացնում: Հենց այդ է պատճառը, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ըստ ամենայնի, կպահպանվի, իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը առնվազն կնոսրանա: Առաջինը շարունակում է մնալ իշխանության եւ, հետեւաբար, փողի աղբյուր, իսկ ՀԱԿ-ը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք:
Ի՞նչ է այս պահին ներկայացնում ՀԱԿ-ը: Համաժողովրդական շարժում՝ հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությա՞ն: Բայց այդպիսի շարժումները չեն կարող պահպանվել 4 տարի եւ հետո մտնել խորհրդարան: Միեւնույն արժեքային համակարգը դավանող կուսակցությունների խո՞ւմբ: Բայց ի՞նչ ընդհանրություն կարող է լինել լիբերալ տնտեսության կողմնակիցների, խորհրդային կարոտախտով տառապողների, Պուտինի երկրպագուների, փողոցային «գավրոշների» եւ նախկին պաշտոնյաների միջեւ: Նրանք բոլորն ուզում են «վերականգնել սահմանադրական կա՞րգը»: Եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այդ ուղղությամբ շատերի խանդավառությունն այս ընտրություններից հետո մարելու է: Այդ համընդհանուր օրինաչափությանը միանում է նաեւ այն, որ շատերը ՀԱԿ-ում այդպես էլ չհասկացան ԲՀԿ-ի եւ, ենթադրաբար նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ «սիլի-բիլի»-ները: Արդյունքում ՀԱԿ-ում կմնա ՀՀՇ-ն, որտեղ կա մի քանի հարյուր հոգի, ՀԺԿ-ն (մի քանի տասնյակ մարդ) եւ անհատներ, որոնց միավորում է հիմնականում Տեր-Պետրոսյանի խարիզման: Այդ անհատների մեծ մասն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի, բայց Կոնգրեսը ներկայացնել որպես քաղաքական ուժերի դաշինք, խիստ չափազանցություն կլինի:
Թողնենք, հետեւաբար, քաղաքական ուժերի «համախմբման» մասին կեղծ եւ սնամեջ խոսակցությունները: Ոչ մի իրական համախմբում, կոալիցիա կամ դաշինք գոյություն չունի: Եվ կուսակցությունների կամ անդամների գլխաքանակ ցույց տալը ոչ մի իրական խնդիր չի լուծում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ