Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կերկատվի՞

Մայիս 12,2012 11:12

ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ եթե Բարգավաճ Հայաստանը մտնի կառավարող կոալիցիայի մեջ ՀՀԿ հետ, ապա ինքը չի մտնի այդ ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ: Ի՞նչ է սա նշանակում: Այս հայտարարությունը ուշագրավ է, սակայն` ոչ միանշանակ:

Բանն այն է, որ դա կարող է նշանակել թե՛ այն, որ Օսկանյանը պարզապես վայր կդնի մանդատը, թե՛ նաև այն, որ նա մանդատի հետ միասին վայր կդնի նաև կուսակցական անդամատոմսը: Այս իմաստով, փաստորեն, ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ում առաջանում է երկու թև՝ մեկը կոալիցիայի մեջ մտած թևը, իսկ մյուսը, այսպես ասած` Օսկանյանի թևը, որը փաստորեն լինելու է ընդդիմադիր կեցվածքով: Եթե, իհարկե, Վարդան Օսկանյանը մանդատից բացի` վայր չդնի նաև անդամատոմսը: Սա իսկապես հետաքրքրական զարգացումներ է խոստանում Բարգավաճ Հայաստանում, որի պարագայում, թերևս, շատ դժվար էր պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանի այդ միաձույլ կառույցը կարող էր հայտնվել այդպիսի երկիմաստ վիճակում:

Այստեղ, սակայն, ուրվագծվում է, կարծես թե, մեկ այլ սյուժետային գիծ էլ, որի մասնակիցներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք հանդիպել են Ստեփանակերտում Շուշիի ազատագրման 20-ամյակի շքերթին: Ներկայումս ԲՀԿ երկփեղկվածության հեռանկարը, ըստ երևույթին, արտացոլում է այն, թե ինչպես է անցել Սարգսյան-Քոչարյան հանդիպումը: Ըստ երևույթին մնացել են կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ նրանց մոտ չի ստացվել որևէ էական պայմանավորվածություն, և ներկայումս ամեն մեկը փորձում է ԲՀԿ-ին քաշել իր կողմը: Ինչ կստացվի արդյունքում` ժամանակը ցույց կտա: Միայն թե նշմարելի է, որ Բարգավաճ Հայաստանի համար գալիս են իսկապես ծանր ժամանակներ, և սպասվում է ներկուսակցական լուրջ պայքար ազդեցությունների համար: Այդ իրավիճակը, իհարկե, Բարգավաճ Հայաստանն ավելի կառավարելի կդարձնի Սերժ Սարգսյանի համար: Բայց ԲՀԿ-ն այլընտրանք չունի, քանի որ դա գոնե կիսով չափ կուսակցություն մնալու վերջին շանսն է, եթե Գագիկ Ծառուկյանը այդուամենայնիվ որոշի միանալ ՀՀԿ կոալիցիային:

Խնդիրն այստեղ միայն այն է, թե արդյոք Վարդան Օսկանյանը կմնա ու կպայքարի՞ կուսակցության մեջ իր տեսակետի համար, թե՞ խորհրդարանական քարոզարշավի իր ակտիվությունից հետո կանցնի կտրուկ պասիվության և ի վերջո մի գեղեցիկ օր էլ կհայտարարի կուսակցությունից հեռանալու մասին:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031