Խորհրդարանական ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանում, թերևս, աննախադեպ արդիական է կոալիցիոն կառավարության ձևավորման խնդիրը: Կուսակցությունների ներկայացուցիչներն առայժմ այն դիտարկում են զուտ քաղաքական նկատառումներով, հնչում են նաև անձնավորված, երբեմն էլ զուտ զգացմունքային ելույթներ, ինչից այն տպավորությունն ես ստանում, կարծես այդ բարդ խնդրի լուծումը կոնկրետ քաղաքական գործիչների ճաշակի հարց է:
Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:
–Պարոն Դանիելյան, նախ անդրադառնանք միջազգային փորձին. որքանով է արտասահմանյան երկրներում ընդունելի կոալիցիոն սկզբունքով գործադիր իշխանություն կազմելը: Արդյո՞ք, այդ երկրներում նույնպես գործում է քվոտաների սկզբունքը:
-Միջազգային փորձի ուսումնասիրությունը խիստ պատասխանատու ու բարդ խնդիր է, քանզի միայն ներկա իրավիճակի առնչությամբ գերազանց իրազեկված լինելը ոչ միայն կարող է անպտուղ լինել, այլև` խիստ վտանգավոր, քանզի հարկ է իրավական կամ քաղաքական ցանկացած երևույթ գնահատել միայն համակարգված կերպով` իր զարգացման էվոլյուցիայով և դրանք կանխորոշող նախադրյալներով:
Ինչևէ, կոալիցիոն կառավարության ձևավորման նախադրյալները բազմաբնույթ են: Նախ, կառավարման այդպիսի կարգը տրամաբանական է համարվում այն երկրներում, որտեղ գործում է որոշումների ընդունման կոլեգիալության սկզբունքը: Թերևս, նաև դա է պատճառը, որ կոալիցիոն կառավարությունը խիստ հազվադեպ ինստիտուտ է Մեծ Բրիտանիայի պարագայում (այս երկրում վարչապետը միանձնյա է որոշումներ ընդունում): Միաժամանակ, երբ խոսքը վերաբերում է երկրի համար խիստ բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակներ հաղթահարելուն, անգամ վերը նշված ու նմանաբնույթ այլ իրավական կարգավորումները բնավ խոչընդոտ չեն, որպեսզի կոալիցիաներ ստեղծվեն նաև այդպիսի երկրներում: Պատահական չէ, որ նույն Մեծ Բրիտանիայում այդ ինստիտուտին նախապատվություն են տվել 1915-1922թթ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1931-1945թթ: Մեծ դեպրեսիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և, վերջապես` 2010թ.՝ կապված դեռևս շարունակվող համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության հետ:
Այլ կերպ ասած, կոալիցիոն կառավարությունը դիտարկվում է իբրև պետության առջև ծանրացած բարդագույն խնդիրների (մեր պարագայում՝ ռազմական ընդհարումների վտանգ, շրջափակում և այլն) արդյունավետ լուծման քաղաքական գործիք: Ընդ որում, գրեթե բացառվում է խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության կողմից կոլալիցիա ստեղծելը միայն որոշ, իրեն §համակիր» կուսակցությունների կազմով, քանզի գերիշխում է այն դիրքորոշումը, ըստ որի՝ դա բացարձակապես աղերսներ չունի միացյալ ուժերով դժվարություններին դիմակայելու հետ:
Իսկ, որպես կանոն, այն ավանդաբար կիրառվում է, երբ որևէ քաղաքական ուժի չի հաջողվում ձեռք բերել խորհրդարանական մեծամասնություն: Թերևս, դրանով է բացատրվում այդ ինստիտուտի տարածված լինելը Գերմանիայում, Իտալիայում, Հնդկաստանում (13 կուսակցությունից է բաղկացած), Իսրայելում, Բելգիայում և այլն: Ընդ որում, մեծ դեր ունեն նաև ավանդույթները, ինչով և բացատրվում են ավանդաբար ձևավորված երկկուսակցականության պարագայում կոլացիոն կառավարության ձևավորման միտումները Ավստրալիայում: Ավանդույթի ուժով են կոալիցիաներ ստեղծվում նաև Կանադայում, Նոր Զելանդիայում և այլն:
Ինչ վերաբերում է քվոտաներին, ապա կարգավորման նյութ է համարվում ինչպես քվոտան, այնպես էլ (ընդ որում, առավելապես)՝ որոշումներ ընդունելու ընթացակարգը:
–Ըստ Ձեզ, քննարկման նյութի կտրվածքով որքանո՞վ է հայրենական իրավաքաղաքական համակարգը համապատասխանում միջազգային չափանիշներին:
-Դա անչափ տարողունակ հարց է, ուստի անդրադառնանք սկզբունքային հարցադրումներին: Իմ կարծիքով, հայրենական կառավարման համակարգի ու վերջինիս սահմանադրական հիմունքների որոշ տարրեր, ցավոք, ոչ միայն նկատելիորեն տարանջատվում են միջազգային փորձից, այլև` զարգացման միտումներից: Այսպես, օրինակ վերջին 2 տասնամյակների ընթացքում բոլոր պետություններում անդառնալիորեն նկատվում է կառավարությունների կողմից իրավաստեղծ գործունեության շրջանակների ընդլայնում, ինչը թելադրված է արհեստավարժությամբ ու խնդիրների լուծման օպերատիվությամբ: Մինչդեռ, 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում հայտնվեց իր տեսակի մեջ եզակի ու գիտագործնական տեսանկյունից որևէ քննադատության չդիմացող նոր դրույթ (հոդված 83.5.), ըստ որի §ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը» բացառապես կարող է սահմանվել օրենքով: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը հարկադրված է լինում շրջանցելու Սահմանադրությունը, քանի որ գործնականում պարզապես հնարավոր չէ ինքնամեկուսացվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների իրականացման պայմաններին ու կարգին առնչվող բազմաբնույթ ու ակնհայտ օպերատիվ լուծում պահանջող հարաբերությունների կարգավորումից: Ընդ որում, նկատենք, որ խնդիրը բնավ պետության հիմնական օրենքով ամրագրված իրավունքների ու ազատությունների սահմանափակման մասին չէ (որպիսի կարգավորումը Սահմանադրությամբ իրավաչափ կլիներ). այն վերաբերում է սոսկ ընթացակարգային հարցի: Բնականաբար, Սահմանադրությամբ իրավաչափ է որոշ առանցքային հարաբերությունների կարգավորումը միայն օրենսդիր մարմնին վերապահելը, սակայն վերը նշվածը դրա հետ որևէ աղերս չունի:
Ի դեպ, հիշյալ և բազմաթիվ այլ սահմանադրական դրույթներ, կարծում եմ, թելադրված են եղել սոսկ քաղաքական պարզունակ պատկերացումներով, այս կամ այն ինստիտուտի ժողովրդավարական բնույթի վերաբերյալ դեռևս ոչ համարժեք իրավական մշակույթի գերակայությամբ: Հակառակ դեպքում, ինչպես կարող ենք, օրինակ գնահատել Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի, դռնփակ դատական նիստերում կարող է արգելվել լրատվության ներկայացուցիչների §մասնակցությունը¦: Ստացվում է, որ լրատվության միջոցները, որպես կանոն, մասնակցում են դատաքննությանը, ինչն արգելվում է միայն բացառիկ դեպքերում: Նկատենք, որ §Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին¦ Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածում միանգամայն իրավաչափորեն խոսվում է բացառապես §ներկայության¦ մասին: Այսպիսով, հավանաբար, փորձել ենք առավել ժողովրդավար երևալ, անտեսելով, որ հանրության և լրատվության ներկայացուցիչներին դատավարության մասնակից դարձնելը հակասում է նույն Սահմանադրության հիմնադրույթներին, այն առավել բնորոշ է խորհրդային իրավական համակարգին, որի պարագայում իրավաչափ էին համարվում «ժողովրդական դրուժինա», «հասարակական մեղադրող» և նմանաբնույթ այլ բազմաթիվ ինստիտուտները:
–Պարոն Դանիելյան, Կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ ինչպիսի՞ սահմանադրական կարգավորումներ կան:
-Կոալիցիոն կառավարության ինստիտուտին ուղղակիորեն առնչվող դրույթներ Սահմանադրությունում չկան (թեպետ, այն ներառում է այդ ինստիտուտի ձևավորմանն ու գործունեությանն առնչվող ու դրանց բովանդակությունը կանխորոշող հիմնադրույթներ), քանզի դա քաղաքական ուժերի հայեցողության ոլորտից է. վերջիններս, գնահատելով տիրող իրավիճակը, ղեկավարվելով երկրի Սահմանադրությամբ, իրենք պետք է պարզեն, թե իրենց առջև դրված խնդիրների լուծման համար որ եղանակներն են համարվում առավել արդյունավետ ու համահունչ` քաղաքակրթության ու ժողովրդավարության չափանիշներին: Բոլոր դեպքերում, երբ երկիրը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական ու միջպետական ոչ բարվոք վիճակում, ուժերի համախմբումն անկասկած երաշխիք և գրավական է: Մյուս կողմից, այն ինքնին անվերապահորեն երաշխիք չէ, այլ կարող է այդպիսին լինել, եթե միաժամանակ առկա են համարժեք նախապայմաններ:
–Որո՞նք են կոալիցիոն կառավարության ձևավորման նախապայմանները, մասնավորապես, մեր քաղաքական ու իրավական համակարգը «թույլատրում է» կոալիցիոն կառավարության ներմուծումը, այդ թվում` խորհրդարանական մեծամասնություն ունենալու դեպքում:
-Խնդիրը միայն քաղաքական ու իրավական համակարգը չէ, վճռորոշ նշանակություն ունի նաև քաղաքական ու իրավական մշակույթը: Մասնավորապես, անհարիր է ակնկալել, որ կոալիցիայի մեջ ներգրավված քաղաքական ուժը պարտադիր պետք է քվեարկի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության նախաձեռնությամբ մշակված ցանկացած օրինագծին, մինչդեռ` հայրենական փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ակնհայտ ժողովրդավարական ու քաղաքակիրթ երևույթն անգամ լրատվության միջոցներն են հակված դավաճանություն որակելու, ինչն արդեն մշակույթի ոլորտից է:
Ինչ վերաբերում է քաղաքական և իրավական հիմքերին, ապա դրանք կիրառելի են սոսկ որոշ վերապահումներով: Մասնավորապես, Կառավարության ծրագրերի քննարկման ընթացակարգերը պետք է դառնան առանցքային նշանակության խնդիր, այդպիսիք մշակվում և ընդունվում են բացառապես կոնսեսուսի միջոցով:
Ավելին, յուրաքանչյուր կուսակցություն պահպանում է իր սահմանադրական ինքնուրույնությունը` միաժամանակ պահպանելով ծրագրով ամրագրված դրույթների շրջանակներում գործելու քաղաքական պարտականությունը: Միայն այդպիսի և նմանաբնույթ այլ նախապայմանների պարագայում հնարավոր կլինի խոսել իրական, փաստացի կոալիցիոն կառավարության մասին: Այլ կերպ ասած, երբ խոսում ենք կառավարության գործունեության համար ընդհանուր պատասխանատվության մասին, ապա, նախ անխուսափելիորեն հարկ է անդրադառնալ այն հարցին, թե իսկ ի՞նչ նախապայմաններով է կազմվել այդ կոալիցիան, որքանո՞վ են դրանում ներառված քաղաքական ուժերն օժտված եղել, որպես իրավահավասար գործընկերներ, մասնակցելու կառավարության ծրագրերի մշակմանը, հաստատմանն ու իրականացմանը և այլն:
Ինչևէ, խնդիրը չափազանց բարդ է և բազմանիստ, ինչը, ցավոք, բացառում է մեկ հարցազրույցի սահմաններում դրան առնչվող բոլոր հարցադրումներն անհրաժեշտ խորությամբ լուսաբանելը: Թերևս, միակ ակնկալիքն այն է, որ այն անհարկի չդառնա դիլետանտիզմի ու կենցաղային բանավեճին բնորոշ փոխադարձ անհամ վիրավորանքների նյութ:
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ