Այսօր «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» «Աստղերի հարթակում» բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» խորագրով ցուցահանդեսը եւ ներկայացվեց Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի` Դիլլեր Սկոֆիդիո եւ Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած «Սվարովսկի բյուրեղյա պալատի» ջահերի շքեղ ու բացառիկ ընտրանին:
Նախագծում, որտեղ իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն դիզայներները, առանձնանանում էր մասնավորապես «Կասկադ» ջահը` ստեղծված 2003-ին` բելգիացի ճարտարապետ, դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: Բավականին նուրբ էր հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի «Ծաղկունք» շարքը` թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված նրբագեղ ջահերի տեսքով, տպավորիչ` ավստրիացի դիզայներ Գեորգ Բալդելի «Լուսատուփը»: Ինչ վերաբերում է «Տալսա 2» ջահին, վերջինիս դիզայներ Մայքլ Անաստասիադեսը ոգեշնչվել է տորնադոյի կործանիչ ուժի գեղեցկությամբ, համադրել ոլորապտույտ Սվարովսի բյուրեղյա շղթաները ու կարծես ստացել լույսի եւ քամու ներշարժում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները փաստեցին, որ հպարտ են Հայաստանում նման հավաքածու ներկայացնելով:
Հիշեցնենք, որ 2009-ից բացված «Գաֆէսճեան արվեստի կենտրոնը» ցուցադրում է ժամանակակից արվեստի գործեր, ֆիլմեր, կազմակերպում ինքնատիպ համերգներ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ