Աշոցքի հեռավոր Սարապատ գյուղում, որն ունի ընդամենը 90 ընտրող, թեկնածուները 50-60 ձայն են կորցրել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի անգրագիտության կամ միգուցե շփոթմունքի պատճառով: Մեր աղբյուրների հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահը սխալվել ու քվեարկած ծրարները կնքել է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տեղամասային եռանիշ կնիքով, այլ իր անհատական կնիքով: Այդ պատճառով էլ 50-60 ընտրողի ծրարները համարվել են սահմանված նմուշին չհամապատասխանող:
Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը` հավելելով, որ ահազանգ է հնչեցվել ու գործընթացի կեսից սխալը շտկվել է: Նշենք, որ այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարում էին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ու ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ