Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում երրորդ տարին է, ինչ Վերջին զանգ չի լինում: Չնայած գյուղի` մայրաքաղաքից հեռու գտնվելուն` կառավարության շենքից հնչած օրենքներն այստեղ շատ արագ են հասնում:
2009թ.- ի շրջանավարտները դպրոցից հեռացան սուսուփուս`արցունքներով:
«Ծրագիր էինք կազմել, բանաստեղծություններ գրել, ստվարաթղթից մեծ գիրք էինք պատրաստել, երգեր գրել, մի խոսքով` ամեն ինչ պատրաստ էր, մնում էր բեմ բարձրանալ և ուրախացնել մեր ուսուցիչներին ու ընկերներին»,-հուզված պատմում է նոր հրապարակված օրենքի «զոհերից» մեկը` Մերին:
«Երեխաները լավ էին պատրաստվել: Իրենք իրենց ուժերով էին ամեն ինչ արել: Շատ ափսոս էր, ամեն ինչ գետը լցրին»,-ցավում է դպրոցի ուսմասվարը:
Այդ ամենը մյուս ուսուցիչներն էլ են ցավով հիշում և հաստատում.«Վերջին զանգ չէր լինում գոնե վերջին դաս անեին: Ախր երեխաները այնքան հուզված ու կոտրված էին, որ չկարողացան իրենց սրտի խոսքն ասել հարազատ դպրոցին»:
2010թ.-ի շրջանավարտները նույնպես արժանացան այդ բախտին: Երեխաներն ինչքան էլ խնդրեցին տնօրենին, միևնույնն է, օրենքն անբեկանելի էր. «Վերջին զանգ կոչվածը հանվում է դպրոցից,կա միայն Վերջին դաս, որը լինում է պարապող ուսուցչի ներկայությամբ»:
2011-ին ողջ հանրապետությունում շրջանավարտ չեղավ. հանրակրթական դպրոցները դարձան 12-ամյա:
«Չնայած նախորդ տարիներին`մենք հույս ունեինք Վերջին զանգ անել, բայց մեր ճակատագիրը նախորդներից ոչնչով չտարբերվեց. մենք նույնպես արցունքներով կհեռանանք դպրոցից»,-ասում է այս տարվա շրջանավարտ Մարուսյան:
Դպրոցի շրջանավարներ Լուսինեի և Արևիկի համար այս հարցը շատ ցավոտ է: Նրանք դեռ մանկուց են երազել իրենց քույրերի և եղբայրների նման բեմ բարձրանալ,ծ աղկեփունջ նվիրել սիրելի ուսուցիչներին:
«Վերջին զանգն արգելելու հիմնական պատճառը ընտանիքներից հավաքվող գումարն է: Մարտունի գյուղում, մինչ միջոցառումն արգելելը, երեխաները գումարը ամռանն էին վաստակում`շրջանավարտների համար նախատեսված դաշտի խոտը վաճառելով: Գումարը հերիքում էր ծաղկեփնջերին, ավարտական խնջույքին և էքսկուրսիային: Մի խոսքով, ընտանիքներից գումար չէր հավաքվում, ողջ ծախսը լինում էր երեխաների աշխատած գումարով:
«Մյուս դպրոցներում լավ էլ անում են: Մենակ մենք ենք ես խուլ գյուղում օրենքը պահում»,-դգոհում են Մարտունու շրջանավարտները:
« Այդ մի միջոցառումն էր, որ գյուղում լինում էր ամեն տարի: Բոլորս էլ մեծ սպասումով ու ուրախությամբ էինք մասնակցում դրան: Այդ միակ օրն էր, որ գյուղը կենդանանում, տոնական տրամադրությամբ էր լցվում»,-ասում են գյուղի բնակիչները:
Մարտունի գյուղի դպրոցի շրջանավարտ ` Ազատուհի Խաչատրյան