Այրումի միջնակարգ դպրոցի շենքում ավելի քան 7- 8 տարի զուգարան չի գործում: Դրա պատճառներն են՝ դադարել էր Այրում քաղաքին եւ դպրոցին խմելու ջրի մշտական մատակարարումը, զուգարանի սանհանգույցների հին խողավակներն էլ մաշվել, շարքից դուրս են եկել: Դպրոցի շուրջ 350 աշակերտներն իրենց բնական կարիքները հոգում են դպրոցական շենքից դուրս գտնվող, սանիտարական պահանջները չբավարարող զուգարանում: Նախընտրական շրջանում այրումցիներին խոստացվել էր, որ ՀՀԿ-ին ձայն տալու դեպքում դպրոցի ներսում զուգարան կգործարկվի: Մայիսի 6-ի ընտրություններում Այրումում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ է ստացել, դրանից հետո քաղաքում ՀՀԿ ակտիվիստները հայտարարել են, որ այդ պատճառով դպրոցում զուգարան չի կառուցվի: Այրումի միջնակարգ դպրոցի տնօրեն Արարատ Բաղինյանն ասաց, որ զուգարանի կառուցումը ՀՀԿ-ին տրված ձայների հետ կապ չունի: Նրա խոսքերով՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը խոստացել է , որ սեպտեմբերին դպրոցի զուգարանը պատրաստ կլինի: Նշենք, որ մարզպետ Ղուլարյանը ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի նախագահն է: Ինչպես ասում են՝ սեպտեմբերին դպրոցի զուգարանը տեսնենք: