Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում քարոզչական բնույթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերյալ: Ներկայացվեցին խմբի գործունեության շրջանակներում իրականացված մյուս աշխատանքները եւս, որոնք թե տեղի, թե արտասահմանցի մասնակիցների կողմից գնահատվեցին դրական: Առաջարկներ արվեցին այս ձեւաչափով աշխատանքներ հետագայում եւս կազմակերպելու նպատակահարմարության մասին:
Պարոն Նիկոյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կարեւոր առաքելություններից մեկն Ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարկման մոնիթորինգն էր, բացահայտելը, թե որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչեցին տարբեր դիտարկումներ, որոշվեց եղած առաջարկները գրավոր հավաքագրել եւ համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին շահագրգիռ մասնակցության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա հատկապես կարեւորեց հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը` ընդգծելով հետագայում եւս նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակահարմարությունը:
Կարդացեք նաև
Որոշվեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի կատարած աշխատանքների կապակցությամբ հանդես գալ միասնական հայտարարությամբ:
Parliament.am