Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան կարող է վերանայել Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները»

Մայիս 11,2012 16:57

«Առաջիկայում Թուրքիան կարող է վերանայել անցած տարեվերջին Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի կիրառման նպատակահարմարությունը», – հինգշաբթի օրը Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սելջուկ Ունալը։

Նա հատուկ ընդգծել է, որ թուրքական իշխանություններն այդ քայլին կդիմեն, երբ հստակ լինի, թե  ինչ դիրքորոշում է որդեգրել ֆրանսիական նոր վարչակազմը Հայոց ցեղասպանության խնդրում:

Ունալը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահի նախընտրական այն խոստմանը, որի համաձայն` Ֆրանսուա Օլանդը կրկին պետք է շրջանառության մեջ դնի Հայոց   ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

«Մենք կհետեւենք, թե ինչ ընթացք կստանա այդ խոստումը` դիտարկելով նաեւ Ֆրանսիայի նոր կառավարության ձեւավորման ընթացքը: Ամեն դեպքում, մենք համոզված ենք, որ երկկողմ հարաբերությունների մակարդակը չի բխում ֆրանս – թուրքական 500-ամյա դիվանագիտական հարաբերությունների տրամաբանությունից», – նշել է թուրքական արտգործնախարարության խոսնակը:

Թուրքիայի վարչապետը եւս երեկ հայտարարել է, թե վստահ է, որ պաշտոնական Անկարայի եւ Փարիզի հարաբերություններում Նիկոլա Սարկոզիի` Ելիսեյան պալատը լքելուց հետո «նոր դարաշրջան կբացվի»: Այս մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ հինգշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցի նախաձեռնողը Թուրքիայի վարչապետն էր, որը ցանկացել է անձամբ շնորհավորել Ֆրանսուա Օլանդին:

«Ես հույս ունեմ, որ ձեր պաշտոնավարման օրոք Ֆրանսիան եւ Թուրքիան կկարողանան հաղթահարել այն արհեստական խնդիրները, որ ծագել են վերջին շրջանում եւ չեն համապատասխանում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների պատմությանը», – նշել է Էրդողանը:

Ֆրանսուա Օլանդը հատուկ ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է խիստ կարեւոր գործընկեր մնալ Ֆրանսիայի համար, եւ երկու պետությունները առաջիկայում եւս կհամաձայնեցնեն իրենց մոտեցումները միջազգային ասպարեզում: «Բացի այդ, Ֆրանսիան չի անտեսում այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր համաշխարհային տնտեսության ամենալուրջ դերակատարներից մեկն է», – ասել է Օլանդը:

Լրատվական գործակալությունները, սակայն, որեւէ տեղեկություն չեն հաղորդում` արդյոք Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Օլանդը որեւէ կերպ անդրադարձե՞լ է հայկական խնդիրներին, թե՞` ոչ:

Ֆրանսուա Օլանդը ոչ միայն խոստացել էր կրկին շրջանառության մեջ դնել ցեղապանության մասին վիճահարույց օրենքը, այլեւ ապրիլի 24-ին մասնակցել էր Փարիզում գտնվող Կոմիտասի արձանի հարեւանությամբ ֆրանսահայության կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումներին։

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031