Մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Սուրեն Մկրտչյանն Aravot.am-ին ասել էր, որ ոստիկանները եւ ՀՀԿ-ական «լավ տղերքը» իրեն հրահանգել են «խելոք նստել տեղում եւ ոչ մի բանի չխառնվել» ու, որ Մկրտչյանն ըմբոստացել էր, փորձել պաշտպանել իր ու իր կուսակցության շահերը, արդյունքում քաշքշուկ էր առաջացել:
Այսօր Սուրեն Մկրտչյանը եկավ խմբագրություն եւ հայտարարեց, որ ինքը թյուրիմացության մեջ է ընկել եւ, որ ոչ ոք իրեն չի ահաբեկել:
Նա պարզաբանեց, որ առավոտյան ընտրատեղամասի մոտ կուտակումներ են եղել, քանի որ միանգամից շատ ընտրողներ են եկել, հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանները փորձել են կարգ պաշտպանել: «Վստահված անձինք էլ սկսեցին կարգ պաշտպանել, մարդիկ էլ մեկը-մյուսին հրմշտում էին, որ րոպե առաջ մտնեն տեղամաս: Էդպես խոսակցություն եղավ, ես էլ մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, կարծեցի ինձ հետ կռիվ են անում: Բայց ոստիկանները ինձ իրականում ոչ թե ահաբեկում էին, այլ փորձում էին հանգստացնել: Ես իրավիճակը ճիշտ չեմ հասկացել, գնահատել ու հարցազրույցում ասացի բաներ, որ իրականում չեն եղել: Ես հայտարարում եմ, որ ինձ ոչ ոք չի ահաբեկել, ես չեմ ուզում որեւէ մեկին զրպարտել»:
Կարդացեք նաև