Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկեցին առանց թույլտվության (Տեսանյութ)

Մայիս 11,2012 16:43

Այսօր առավոտյան «Երկրապահ» կամավորական միության անդամները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել են Եռաբլուր, սակայն միության անդամներից շատ շատերն այդպես էլ չգնացին. նրանք հսկում են իրենց մարտական ընկերոջ՝ Ավետիս Խաչատրյանի Նոր Նորքի Գյուլի Քեսյան 29 հասցեի կիսակառույց շինությունը, որը քաղաքապետարանը հրամայել է «հողին հավասարեցնել»:

Արդեն 15 օր է մի քանի տասնյակ ազատամարտիկներ, առավոտից մինչեւ ուշ գիշեր, «պահակ» են կանգնում, քանի որ քաղաքապետարանի աշխատակիցներն օրումեջ գալիս են շինությունը քանդելու, բայց հանդիպելով ազատամարտիկների մի ստվար զանգվածի «նահանջում են»: Բանն, այն է, որ ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանի կիսակառույցը շինթույլտվություն չունի, սակայն այդ շինությունը նրա ընտանիքի 8 անդամների միակ կացարանն է: 

Ավետիս Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն անգամ փորձել է օրինականացնել շինությունը, սակայն նրան պարբերաբար ասել են`«Մի քիչ սպասի, լավ կլինի, մանավանդ, որ էդ հատվածում կոյուղագծեր չկան, հարեւաններդ էլ համաձայն են»:

Այսօր կրկին քաղաքապետարանի աշխատակիցները պետք է անցնեին քանդելու գործին, սակայն նրանց փոխարեն ոստիկանության մի մեծ խումբ եկավ ու սկսեցին Ավետիս Խաչատրյանի ավտոմեքենան խուզարկել, զենք-զինամթերք էին փնտրում` առանց համապատասխան փաստաթղթերի: Երբ ոստիկանները փորձեցին հավաքվածներից մեկ ուրիշի մեքենան էլ խուզարկել` վարորդը պահանջեց փաստաթղթեր, որից հետո խուզարկող ոստիկանը փոշմանեց ու գործի չանցավ: Նրանք ոչինչ չգտնելուց հետո, տարածքից հեռացան:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ազատամարտիկի հարեւանները մեկ մարդու պես հավաքվել էին ու կրկին պատրաստ էին տրակտորի տակ պառկել, եթե որեւէ մեկը համարձակվի, իրենց խոսքերով ասած, իրենց կողմից պաշտելի ազգի հերոսի տունը քանդել. «Էս մարդը գնացել կռվել, արյուն ա թափել, որ էդ պաշտոնյաները հանգիստ ապագա ունենան ու գան էսօր նրա տունը քանդե՞ն: Բա դրանք խիղճ ունե՞ն: Ավոյի շնորհիվ են նրանք էսօր ապրում ու բարգավաճում, բայց անամոթի պես սենց բան են անում»:

Մի քանի ժամ տեղանքում շրջելուց հետո, ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները հեռացան, որովհետեւ, Ավետիս Խաչատրյանի վստահեցմամբ` Տարոն Մարգարյանը խոստացել է վաղը հանդիպել եւ զրուցել ազատամարտիկի հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031