Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ազատականները, ի տարբերություն ՀՀՇ-ի ազատականների՝ կարծում են, որ այս ընտրություններում առաջընթաց կար

Մայիս 11,2012 16:12

Հայաստանում մեկնարկել է «Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխական կուսակցության`The European Liberal Democrat and Reform party (ELDR) համաժողովը: Տեղեկացնենք, որ ELDR-ն Եվրպառլամենտում իր ներկայացվածությամբ երրորդ կուսակցությունն է` 75 պատգամավորով, եւ իր մեջ ներառում է եվրոպական երկրների 55 կուսակցություններ: Հայոց Համազգային շարժումը 2010 թվականից այս կուսակցության լիիրավ անդամն է, եւ ՀՀՇ հրավերով այս տարի ELDR համաժողովն անցկացվում է Երեւանում:

ELDR նախագահ սըր Գրեհեմ Ուաթսոնի եւ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Ուաթսոնը ասաց, որ Երեւան է ժամանել ELDR անդամ 55 կուսակցությունների 100-ից ավելի անդամ, եւ խորհրդաժողովի օրվա ընտրությունը պատահական չէ այն առումով, որ հաշվի են առել Հայաստանում անցկացվող Աժ ընտրությունների անցկացումը, անգամ ընտրությունների համատեղ մոնիթորինգ են անցկացրել: Նա նաեւ ասաց.«Մենք այստեղ ենք, որպեսզի նախ եւ առաջ մեր աջակցությունն արտահայտենք Արամին (նկատի ունի ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին-հեղ.) եւ նրա կուսակցությանը, աջակցենք նրանց իրենց արշավներում` Հայաստանը եվրոպական հոսանքներին մոտեցնելու համար»:
Ի տարբերություն ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի, որը ՀԱԿ հանրահավաքին ներկայացնում էր այս ընտրություններում առկա «այլանդակությունները», պնդում էր, թե «Մենք ունենք փաստեր, որ ամենալկտի, ամենաբաց ձեւով ընտրակաշառք են բաժանել, երբեք չի եղել այդպիսի բան», ELDR նախագահ սըր Ուաթսոնն ասաց, որ այս ԱԺ ընտրությունները «կարծում եմ, որ, այո, առաջընթաց կար, քանի որ ավելի լավն էր, քան նախորդը: Բայց եկեք խոստովանենք, որ դեռ շատ անելիքներ կան», եւ հիշեց օքսիդացող թանաքը, այն գյուղերը, որտեղ102% քվեարկություն է եղել: Ասաց, որ այդ ամենը դեռ մտածելու տեղիք են տալիս, սակայն Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, ուղղակի հարկավոր է մի քիչ ավելի արագ շարժվել. «Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ Հայաստանն ապրում է բաց, ժողովրդավարական երկիր դառնալու ուղղությամբ, բայց կարծում ենք, որ կարող է ավելի արագ շարժվել, քան այս պահին է շարժվում: Մենք պատրաստ ենք աշխատելու մարդկանց հետ, ովքեր կիսում են ժողովրդավարական առաջընթացի մեր գաղափարը, սակայն մենք միամիտ չենք, իսկական հնարավորություններ ենք ուզում տեսնել»:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին ի պատասխան` պարոն Ուաթսոնն ասաց, թե տեղյակ են, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում առաջընթաց չկա, նաեւ նկատեց, որ որպես լիբերալներ իրենք որեւէ խնդիր չունեն Եվրապառլամենտում «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար, սակայն նաեւ արձանագրեց, որ համեմատելով այսօրվա Թուրքիան 10 տարի առաջվա Թուրքիայի հետ, պիտի փաստեն, որ առաջընթացը հսկայական է:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ELDR մոտեցմանը, ապա, ըստ պարոն Ութասոնի.«Ես չեմ կարող ասել, թե ով է այս հակամարտության կողմերից ճիշտը, եւ ով` սխալը, բայց մի բան կարող եմ ասել, որ երբեք հնարավոր չէ ռազմական ճանապարհով որոշել, թե ով է ճիշտը եւ ով` սխալը, ռազմական ճանապարհով որոշվում է միայն, թե ով կենդանի մնաց»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031