Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հայտարարությունը նոր նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ

Մայիս 11,2012 16:02

ՀՀ նախագահին

 Նորընտիր Ազգային Ժողովին 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հայտարարությունը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտություն

Համաշխարհային արդի տնտեսության մրցունակության և զարգացման հիմնական նախապայմանը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, և միևնույն ժամանակ, դրանք առօրյա կյանք ներդնելու ունակությունն ու արագությունը:

ԱԺ 2012թ. ընտրությունների արդյունքում շուտով կձևավորվի նոր կառավարություն։ Ելնելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների/բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտի զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման կարևորությունից, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող արմատական քաղաքականությունը, կարևորելով Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը` գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել  ոլորտի պետական կառավարման կենտրոնացված մարմին` նախարարություն։ Նախարարությունը կհամակարգի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:

Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են՝ ոլորտի միասնականության խաթարումը՝ տարբեր պետական մարմինների միջև բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնողությունները, իրար միջև բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը և այլն: Արդյունքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում ձևական բնույթ են կրում։

 

Ակնկալվող արդյունք

Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ:

Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կառավարող պետական կառավարման մարմինը կհամակարգի տնտեսության արդիականացման (մոդեռնիզացիայի) գործընթացը, ինչը թույլ կտա նաև`

–         Իրապես ապահովել երկրի միջազգային վարկը՝ որպես տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն հռչակած պետություն,

–         Ձևավորել զարգացած տեխնոլոգիական ոլորտ` բարձր հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ առաջարկող ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքով,

–         Մշակել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր,

–         Ձևավորել և զարգացնել ոլորտային ծրագրերի ու քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող մեխանիզմներ և մասնավոր հատվածի մասնակցությամբ ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր

–         Բացահայտել և հրապարակել կառավարման և տնտեսության ոլորտներում առկա տեխնոլոգիական լուծումներ պահանջող խնդիրները, ապահովել դրանց ճշգրիտ և համակարգված լուծումը,

–         Զարկ տալ էլեկտրոնային հասարակության և կառավարման զարգացմանը, ընդլայնել պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը` ապահովելով դրանց լիարժեք հասանելիությունը և խրախուսելով կիրառումը,

–         Գույքագրել և գնահատել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկատվական համակարգերը, իրականացնել դրանց զարգացման աշխատանքների կենտրոնացված կառավարում՝ ապահովելով  փոխհամատեղելիություն և արդյունավետություն,

–         Բացահայտել գիտահետազոտական մշակում պահանջող տեխնոլոգիական խնդիրները, դրանք տեղակայել համապատասխան գիտակրթական հաստատություններում,

–         Կազմակերպել ոլորտի վիճակագրական և հաշվետվական միասնական համակարգ:

 

Նշված թիրախներին հասնելու նախապայմաններ են՝

–         պրոֆեսիոնալիզմի առաջնահերթության ապահովումը,

–         վարվող քաղաքականության թափանցիկությունը, դրան հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը,

–         շահագրգիռ համագործակցությունը կազմակերպությունների և միությունների հետ,

–         տեղական արտադրողների ներգրավման խրախուսումը,

–         նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանն ու զարգացմանն աջակցելը, սկսնակ ընկերությունների տեղակայման համար հատուկ տնտեսական գոտիների ձևավորումը,

–         ազգային ինովացիոն մրցույթների կազմակերպումն ու անցկացումը,

–           սկզբունքայնությունը մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մեջ։

 

Մեր կարծիքով Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության մոդելը համահունչ է գործող պետական կառավարման համակարգին և որևէ հակասություն չի առաջացնում: Պետական կառավարման նմանատիպ մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտություն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշված ուղղություններով զբաղվող, և հաճախ գործառույթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրավված են մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարության ստեղծումը կբերի որոշակի ռեսուրսների խնայողության` ի հաշիվ նշված անարդյունավետ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնությունների բացառման, իրականացվող ծրագրերի համակարգվածության, առկա ռեսուրսների կենտրոնացված կառավարման, չհաշված ոլորտի զարգացման արդյունքում եկամտաբերության և հարկային մուտքերի ավելացումը:

Ակնկալում ենք, որ սույն նախաձեռնությունը կարժանանա պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների աջակցությանը, և առաջարկում ենք միանալ հայտարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031