«Կենտրոն» հեռուստաընկերությանը 1 միլիոն դրամ տուգանելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա որոշումը, հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը չի ցանկանում քաղաքականացնել: «Պնդում ենք, որ քարոզչություն կամ հակաքարոզչություն չենք արել, եղել է ուղիղ եթերի հեռարձակում, որի ընթացքում քաղաքական կոչ է արվել: Այդ օրը ուղիղ եթերով հեռարձակել ենք նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների զգալի մասը: Եթե այդ օրը ինչ-որ մեկը հայտարարություն աներ, մենք պետք է տուգանվեի՞նք: Համաձայն չենք այդ որոշման հետ ու շարունակելու ենք մեր լրագրողական աշխատանքը»,- Aravot.am-ին ասաց Պ. Ղազարյանը:
Այսօր ՀՌԱՀ նախագահն ասաց, որ «Կենտրոնի» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ մեկ այլ վարչական վարույթ էլ են հարուցել՝ ընտրական օրենսդրությունը խախտելու ու ոչ հավասարաչափ լուսաբանելու համար:
Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս են արձագանքելու ՀՌԱՀ-ի այդ քայլին.
Կարդացեք նաև
«Եթե մեզ 2-րդ անգամ էլ տուգանեն, որ անհավասարաչափ ենք լուսաբանել, մեր հարցը ուժի մեջ է, արդյոք 2008-ի կամ այս ընտրություններին հեռուստաընկերությունները հավասարաչա՞փ էին լուսաբանում, թե՞ «Բարգավաճ Հայաստանի» կամ «Դաշնակցության» պարագայում հավասարաչափ չէ: Սպասվում է զարգացում, հնարավոր է մեր հանդեպ 2-րդ վարույթը կիրառեն, դրանից հետո, պարզ է չէ՞, գնում է լիցենզիայի զրկում, դրա ամբողջ իմաստը սա է, ինձ թվում է, բայց Ամալյանն էլ դեռ չգիտի: Սա չենք քաղաքականացնում ու մեր վրա ճնշում չենք համարում… այս որոշումը ու այն որոշումը, որ նախապատրաստվում է, օրենքին չի համապատասխանում: Ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք այդպես էլ աշխատել, միտինգներ չենք անելու , «հանցավոր ռեժիմի» , Ամալյանի տապալում չենք պահանջելու »:
Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք, պատրաստվու՞մ է արձագանքել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի առաջարկին՝ իրեն «Կենտրոնի» ուղիղ եթեր հրավիրել, ոչ թե facebook-ում, այլ անձամբ կապ հաստատելով՝ հանդիպման համար փաստացի նյութեր ներկայացնել: Պարոն Ղազարյանն ասաց, որ արդեն facebook-ով հրավիրելն էլ է հրավեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ