Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ԶԼՄ-ներ գերադասել են «շառից ու փորձանքից հեռու մնալ» և փող աշխատել

Մայիս 11,2012 14:58

«Շատ հմտորեն կազմակերպված իմիտացիա էր, ի տարբերություն 2007-ի և 2008-ի: Այս անգամ զգացվում էր, որ մշակված էր սցենար իմիտացիոն հիմք ու հենք ստեղծել ազատ և արդար մամուլ ցույց տալու, որը հաջողվեց»,-հայտարարեց «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո°րն է պատճառը, որ ՀՀ-ում լրատվադաշտն այդքան հեշտ կառավարելի է դարձել: Պարոն Մովսեսյանը պատասխանեց. «Ի սկզբանե վախի մթնոլորտը, հետո շահը, հետո շառից և փորձանքից հեռու մնալը, ճնշումները և այլն: Լրատվամիջոցների մեծամասնությունը ցանկացավ հանգիստ, առանց խնդիրների փող աշխատել»:

Մեր այն հարցին՝ արդյո°ք ՀՀ-ում կորցնում ենք ազատ մամուլի հեռանկարը, պարոն Մովսեսյանը պատասխանեց. «Մենք արդեն կորցրել ենք այդ հույսը: Ժողովուրդն ունի լրատվության պահանջ, բայց ժողովրդի պահանջին ի պատասխան՝ կա մի խողովակ, որից էլ դուրս է գալիս այն լրատվությունը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ»: Aravot.am-ը «Ա1+»-ի ղեկավարին խնդրեց հստակեցնել՝ ո°րն է այդ խողովակը: Նա ժպիտը դեմքին պատասխանեց. «Այն ձգվում է Բաղրամյան փողոցից մինչև Օպերա»:

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ խոսեց մայիսի 5-ի՝ լռության օրվա մասին. «Ոչ ոք չգիտեր, թե ինչ է նշանակում լռության օր: Նույնիսկ ԿԸՀ-ի աշխատակիցներից մեկն ասաց, որ այդ օրը չի կարելի օգտագործել Սերժ Սարգսյանի անունը և այլ զավեշտալի բաներ: Ուստի ես գերադասեցի, որ այդ օրը «Հրապարակը» լույս չտեսնի»:

Տիկին Օհանյանը նաև տեղեկացրեց, որ մինչև այժմ էլ շարունակվում են սպառնալիքները, ճնշումներն ու առաջարկները: Սակայն ինքն ամեն ինչ արել է, որպեսզի այդ ամենի մասին տեղյակ չլինեն լրագրողները, որպեսզի այդ ամենը նրանց վրա ազդեցություն չունենա:

Ա. Օհանյանի կարծիքով՝ լրատվամիջոցների վերահսկման հիմնական պատճառն այն էր, որ ֆոնն ու ընտրությունների արդյունքները համապատասխանեին իրար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031