Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընտրություններին հ/կ-ների տված գնահատականը

Մայիս 11,2012 14:54

Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Սիրանուշ Սահակյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեցին իրենց դիտարկումները եւ գնահատականը՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Իշխանյանը ներկայացնելով Արաբկիր վարչական շրջանի 24 ընտրատեղամասերում արձանագրած խախտումները՝ ասաց. «Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները հիմնականում չեն տիրապետել իրենց իրավունքներին, պարտականություններին: Հանձնաժողովների աշխատանքը եղել է անկազմակերպ, շատ դեպքերում ընտրական գործընթացը վերահսկվել է վստահված անձանց կողմից: Բացակայել են վստահված անձանց վկայականները: Եղել են մարդկանց կուտակումների դեպքեր, անգամ ժամը 20:00-ի սահմաններում մարդկանց մեծ հոսք կար, որոնք չեն կարողացել քվեարկել: Արձանագրվել են նաեւ բաց քվեարկություններ: Վստահված անձանց կողմից եղել են ընտրողների ուղղորդումներ»:

Իշխանյանը գնահատելով ընտրությունները, նշեց, որ ակնառու էր ընտրողների ակտիվությունը: Ըստ նրա՝ չնայած այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին բռնությունների չնչին քանակով, բայց այս անգամ էլ այլ տեխնոլոգիա էր կիրառվում, որի անունը դրել է՝ մարդկային լցոնումներ. «Կլոնավորված մարդկանց հսկայական խմբեր կային, որոնք տարբեր տեղեր ունեցած գրանցումներով քվեարկել են, արդյունքում՝ առաջացել են ուռճացված թվեր: Ընդհանրապես Հայաստանում ամբողջ ընտրական գործընթացը փշրված էր»:

Հոկտանյանի ղեկավարած կազմակերպությունն իրականացրել է էլեկտրոնային մոնիթորիգ, որը հիմնված է ընտրական թվերի համադրության մեթոդի վրա. «Դրա կիրառման համար ստեղծվել է համակարգչային ծրագիր, ինչի միջոցով էլ հաշվարկվելու են թվերը, քանի որ վերջիններս իրոք ուռճացված են եղել: Մենք նախ փորձեցինք գնահատել առկա ընտրողների քանակը՝ նախքան քվեարկությունը: Ապա քվեարկության օրը քաղաքացիների մասնակցության հետ կապված տվյալները»:

Սահակյանի ձեւակերպմամբ էլ՝ իրենց կառույցն իր առջեւ խնդիր էր դրել իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների համար. «Մեր իրավաբանները շրջել են տեղամասերով, ականատես եղել խախտումների, գործարկել ենք «թեժ գծեր», որոնց միջոցով ստացված ահազանգողների կեսից ավելին եղել են վստահված անձանց կողմից: Խախտումների հետ կապված դիմում-բողոքներ ենք ներկայացրել ընտրական հանձնաժողովներին, որոնցից 34-ը՝ ԿԸՀ-ին, նաեւ Հատուկ քննչական ծառայությանն ենք հաղորդագրություններ ուղղել եւ պատասխանատու այլ մարմինների»:

Սահակյանը նշում է, որ քաղաքական ուժերի կողմից պասիվություն է նկատվել, կապված հետեւողականության հետ՝ խախտումների արձանագրման վերաբերյալ: Կոնկրետ արձանագրված խախտումների մասով էլ նա հավելեց. «Ընտրության օրը առկա է եղել քարոզչական պաստառներ, մեքենաների վրա փակցված դրոշներ, անգամ ինտերնետում է տարածվել քարոզչական նյութեր: Ընտրատեղամասերում եղել են մարդիկ, որոնք լինելով թաղային հեղինակություններ, ներկայացել են իբրեւ թե դիտորդներ, ու հետաքրքրվելու դեպքում ցույց տվել, ինչ- որ անհայտ լրատվամիջոցի բեյջեր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031