Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. Քաղաքական բանավեճի կուլտուրան զարգացած չէ (Տեսանյութ)

Մայիս 11,2012 14:48

«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, որը խոսեց «Քաղաքական ուժերի՝ նախընտրական շրջանում անցկացված մամուլի ասուլիսների լուսաբանումը» թեմայով :

Բանախոսը տեղեկացրեց, որ մոնիթորինգն անց է կացվել երկու փուլով՝ փետրվարի 15-ից ապրիլի 8-ը եւ ապրիլի 8-ից մինչ «լռության օրը»: Դիտարկվել են քաղաքական գործիչների այն ասուլիսները, որոնք տեղի են ունեցել առավել ակտիվ գործող 7 մամուլի ակումբներում՝ «Իրատես դե ֆակտո», «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Պոստ սկրիպտում», «Ուրբաթ» եւ «Փաստարկ»: TV-ներից հետազոտության մեջ ներառվել են «Ար»-ը, «Արմենիան», «Արմնյուզը», ԱՏՎ-ն, «Երեւանը», «Երկիր մեդիան», «Կենտրոնը», «Հ1»-ը, «Հ2»-ը, «Շանթը»:

«Նախ հաշվառվել է տվյալ ասուլիսին հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի ներկայությունը: Հետո դիտարկողը հետեւել է թողարկումներին եւ նշել թողարկման ձեւերը՝ սինխրոնո՞վ, թե՞ համր, եւ թե ինչպե՞ս է լուսաբանվել՝ դրակա՞ն, բացասակա՞ն, թե՞ չեզոք: Ուշադրություն ենք դարձրել այն բանին, թե TV -ները որքանով են համարժեք լուսաբանել եւ անաչառորեն ընտրողներին ներկայացրել նախընտրական ուղերձներն ու ծրագրերը»,- հայտնեց Ա. Մելիքյանը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ բոլոր TV -ներն են ակտիվություն ցուցաբերում, սակայն միաժամանակ ձգտում են անդրադառնալ բոլոր քաղաքական ուժերին:

Ա. Մելիքյանը նշեց, որ մոնիթորինգի առաջին փուլում առավել ակտիվ են եղել «Հ2»-ը, «Երկիր մեդիան» եւ «Արմնյուզը», որոնք ներկա են եղել դիտարկված ասուլիսների 50 տոկոսից ավելիին: Դրանց հաջորդում են «Կենտրոնը», «Արմենիան» եւ «Հ1»-ը, որոնց ներկայությունը գնահատվել է 35-45 տոկոս. «Եղել են դեպքեր, երբ «Երկիր մեդիան» եւ «Արմնյուզը» ներկա են եղել 4 ասուլիսի, սակայն չեն լուսաբանել: Դա ես կապում եմ ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ: Եղել է եւ հակառակը, երբ TV –ն չի նկարահանել եւ լուսաբանել է: Դա, հավանաբար, TV -ների միջեւ պայմանավորվածության արդյունք է, ինչի շնորհիվ իրար տեսագրություններ են տրամադրել»,-ասաց Ա. Մելիքյանը:

Նա հավելեց, որ TV -ների կողմից ուշադրության չեն արժանացել բանավիճային ասուլիսները. «Մեզանում քաղաքական բանավեճի կուլտուրան դեռեւս զարգացած չէ, այդ պատճառով հեռուստաընկերությունները սպասելիք չունեն բանավեճերից»:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ առանձնահատուկ ուշադրությամբ դիտարկվել է «Հ1»-ը, որն ուսումնասիրված 10 ՀԸ-ների մեջ ընդամենը 6-րդ տեղում է առաջին փուլում, իսկ երկրորդում՝ 7-ը. «Հ1»-ի լուրերի թողարկումներում անդրադարձ է եղել խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հրավիրած ասուլիսին, ընդ որում՝ երկու փուլում էլ ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» լուսաբանել է 9-ական ասուլիս: Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին, ապա դրանց նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի դրսեւորել»-հավելեց բանախոսը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ ասուլիսների հեռուստալուսաբանման բովանդակությունը հիմնականում չեզոք է եղել՝ առանց սեփական կամ այլոց մեկնաբանությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031