Երևանում կանաչ, թարմ և փարթամ սրճենի տեսնելը ինձ համար պարզապես անակնկալ էր: Բայց որքան էլ զարմանալի թվա, ստացվում է, որ Երևանում հնարավոր է անգամ սուրճ աճեցնել, եթե իհարկե այն ունենա Արթուրի պես «խնամակալ»: Այս ծառը մեր քաղաքում ապրում է դեռ «մանկուց»: «Սուրճի ծառը Հայաստան է բերվել Սոչիից: Քանի որ մեր բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն սրճենի աճեցնելու համար, այս ծառը յուրահատուկ ուշադրություն է պահանջում: Բայց, ինչպես տեսնում եք, այն ծաղկում է, անգամ նրա ճյուղերից նորերն ենք կարողանում աճեցնել»,- պատմում է Արթուր Ավետիսյանը:
Հայերիս համար սուրճն ունի ամենատարբեր նշանակություններ: Ոմանց համար այն պարզապես առիթ է հանդիպելու ու զրուցելու, բայց Արթուրի և նրա ընտանիքի համար սուրճը և սրճենին այլ նշանակություն են ստացել: Ամանորին բոլորս զարդարել էինք տոնածառները, իսկ Արթուրն ու իր փոքրիկը` սրճենին: Հայաստանում ծառն իրեն այնքան լավ է զգացել, որ շարունակել է աճել և անգամ բերք տալ: Թեպետ այդ բերքն, առանց մշակման, առօրյայում օգտագործելն այնքան էլ ցանկալի չէ: «Առօրյայում իհարկե այս սուրճն օգտագործում ենք երբեմն, բայց պարտադիր խառնում ենք սովորական հետ: Իր բնական վիճակով սուրճն օգտագործելը կարող է վատ հետևանքներ ունենալ. օրինակ, գլխացավ, սրտխառնուք կամ
ավելի վատ նույնիսկ»:
Արթուրի ներկայացրած այս վատ հետևանքներն առավել վառ պատկերացնելու համար հետաքրքիր է իմանալ սուրճի բացահայտման պատմությունը: Առաջին անգամ այնհայտնաբերել է հասարակ մի հովիվ: Նա իր ոչխարների հոտը տարել էր արածեցնելու, հետո թողել նրանց միայնակ ու հեռացել: Երբ վերադարձել է, տեսել է կենդանիներին անիմաստ թռչկոտելիս ու խելագար շարժումներ անելիս: Հովիվը երկար մտածելուց հետո հասկացել է, որ ոչխարները կերել են կոֆֆեայի սերմնահատիկները, և դրա մեջ պարունակվող կոֆֆեինի ազդեցության պատճառով հայտնվել են նման վիճակում:
Արթուրի` սուրճ աճեցնելու հանգամանքը բավականին հետաքրքիր է: Հայերի մասին պատմությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Ֆրանսիական աղբյուրներից պարզվում է, որ Մարսելում առաջին բացօթյա սրճարանը հիմնել են հենց հայերը: Դա վերագրվում է սրճարանային բանվոր իզմիրցի Սերովբեին, որը նախ բացօթյա սրճարան ստեղծելու իր առաջարկը ներկայացրեց տիրոջը, ապա 1684թ.–ին գաղափարն իրականություն դարձրեց նաև Փարիզում: Իսկ ընդհանրապես բավական մեծ է հայերի դերը Եվրոպայում սուրճի տարածման գործում, կան փաստեր, ըստ որոնց Վիենայի թուրքական պաշարման ժամանակ սուրճի առաջին հատիկները քաղաք են բերել հենց ավստրիաբնակ հայերը:
Լուսինե Մանուկյան