Հայ ազգային կոնգրեսի հետ «Հանրապետություն» կուսակցության հետագա համագործակցության ձեւաչափն ամենայն հավանականությամբ պարզ կդառնա արդեն եկող շաբաթվա սկզբին: «Հանրապետությունը» եկող երկուշաբթի-երեքշաբթի հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն»-ՀԱԿ հարաբերություններում լարվածություններն ավելի ակնհայտ էին դարձել դեռ գարնանից, իսկ նախընտրական ցուցակների կազմման ժամանակ դրանք առավել ընդգծվեցին: Որպես արդյունք՝ «Հանրապետությունը» որոշում կայացրեց ՀԱԿ դաշինքի ցուցակում ներկայանալ միայն կուսակցության առաջին դեմքով:
Այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ տեղեկություն ունե՞ք ՀԱԿ-ում շատ են ձեր տեսակետը կիսողները, Արամ Սարգսյանն ասաց. «Հարցումներ չենք արել, չգիտեմ»: Դիտարկմանը՝ ՀԱԿ-ից աղմուկով եք դուրս գալիս, ի՞նչ եք սպասում առաջիկայում, հակադարձեց. «Բացարձակապես աղմուկով դուրս չենք գալիս, դեռ հայտնի չէ, դո՞ւրս ենք գալիս, թե՞ ոչ: Չենք բացառում, որ դուրս կգանք, որովհետև տարաձայնություններ ունենք և դրանք ես, իսկապես, բարձրաձայնել եմ: Մենք մնացել ենք Հայ ազգային կոնգրեսում մի պարզ պատճառով, որ հայ ժողովուրդը ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը կարևորել է: Եվ այդ համախմբվածությունը և առաջիկայում Ազգային ժողովի ընտրություններին չխոչընդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում: Այսօր այդ գործընթացը վերջացել է, և մենք ազատ ենք մեր տեսակետներն ասելու: Կուզենայի ավելացնել նաև, որ Ազգային ժողովի մանդատը վայր դնելու որոշումս զուտ քաղաքական է և քաղաքական նկատառումներից ելնելով եմ դա անում: Ցավով եմ խոստովանում, որ ՀՀ Ազգային ժողովը այդպես էլ չդարձավ քաղաքական մարմին, որը զբաղվեր լուրջ օրենսդրական գործունեությամբ: Այդ Ազգային ժողովը դակիչ մարմին է դարձել նախագահ-կառավարություն շրջանակում և իջեցված հրահանգները նման մեծամասնության պարագայում այլ ելք չունի, քան դակելը: Բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն գնում են Ազգային ժողով, հույս ունենալով, որ իրենցից բան է կախված և կարող են բան փոխել, հաջողություն եմ մաղթում, և իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը: Ես կարծում եմ, որ այդ օրենքների մասին իմ տեսակետը կարող եմ ասել ոչ միայն Ազգային ժողովում, այլ հասարակությանը՝ լրատվամիջոցներով և հանրահավաքներով: Համոզված եմ, որ այս ժողովրդի իննսուն և ավելի տոկոսը ընդդիմություն լինելով, Ազգային ժողովում ներկայացված է 15-20 տոկոսը, ոչ ավելին: Ես գերադասում եմ այդ 90 տոկոսի հետ լինելու փողոցում և ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու համար, դուք դա կտեսնեք»:
Նա նաև հայտարարեց, որ ՀԱԿ-ում իրեն չեն առաջարկել հրաժարվել մանդատներից և այդ մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Ես իմ մանդատը վայր չեմ դնում որևէ մեկին Ազգային ժողով մտցնելու համար: Իմ համար էական չի, թե հաջորդ մարդն ով է, ով ուզում է մտնի, իմ որոշումը քաղաքական է և դա կախված է ՀՀ Ազգային ժողովի նկատմամբ իմ վերաբերմունքից»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ այսպիսով ՀԱԿ-ին հասանելիք պատգամավորական մանդատը անցնում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ