Բնապահպանական ակտիվիստները Մաշտոցի պուրակը «բուտիկներից» ազատագրելուց հետո, պատրաստվում են «մեծ պայքար» սկսել ընդերքի հարստությունը թալանողների դեմ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում այս մասին հայտնեցին ակտիվիստները: Գոռ Հակոբյանի խոսքերով. «Դա ոչ միայն բնապահպանական խնդիր է` ծառ, ծաղիկ, խոտ, այլ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, երկրի էկոլոգիական միջավայրը ոչնչանում է»:
Սակայն մինչ այդ, ինչպես ակտիվիստները նշեցին, պետք է հետեւողական պայքար տանեն, որպեսզի պատժվեն այն ոստիկանները, որոնք Մաշտոցի պուրակում, ապրիլի 29-ին իրենց ակտիվիստ գործընկերներին «բռնության ենթարկեցին, եւ անօրինական ձերբակալեցին»:
Բնապահպաններն ուրախ են, որ իրենց պահանջը կատարվել է, սակայն անընդունելի են համարում, որ քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում լուծվող հարցին նախագահն է խառնվել` այդկերպ չարաշահելով նախագահական ինստիտուտի իր լիազորությունները:
Բնապահպան Ռուզաննա Գրիգորյանի ներկայացմամբ` «Պայքարի արդյունքում մեզ հաջողվեց հասնել նրան, որ Մաշտոցի պուրակը վերանվաճվեց եւ հանձնվեց հանրությանը: Հնարավոր եղավ մեր երկրում անել մի փոփոխություն, որտեղ 20 տարի շարունակ քրեաօլիգարխիկ օրենքներ են տիրում: Այսօր Մաշտոցի պուրակը
Կարդացեք նաև
այն վայրն է լինելու, որտեղ քաղաքացին անկախ իր մշակութային նախընտրություններից կարող է գալ, բերել իր մշակույթը, հաղորդակցվել այլ քաղաքացիների հետ եւ ունենալ ազատ խոսքի իրավունք»:
Բանախոսները թվարկեցին այն անձանց անունները, որոնք խոչընդոտել են երիտասարդների խաղաղ ակցիային:
Հստակեցնելով հետագա անելիքները բնապահպանները վստահեցրին, որ շարունակելու են նպաստել, որպեսզի մեր երկրում կայանա քաղաքացիական հասարակությունը, որպեսզի` «Ոստիկանությունը հասկանա, որ իր պարտականությունները ոչ թե այս կամ այն պաշտոնյայի անօրինական որոշումները կատարելն է, այլ` իր պարտականությունն է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները»:
Մաշտոցի պուրակի ակտիվիստները գտնում են, որ ներկայումս իրենց գործընկերների նկատմամբ հարուցված գործերը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը եւ ոչ թե ոստիկանությունը, քանի որ, ըստ նրանց. «Ոստիկանությունը չի կարող անկողմնակալ քննություն վարել, այն դեպքում, երբ հենց այդ նույն ոստիկաններն են բռնություն կիրառողները եղել»:
Նրանք համոզված են, որ նման քաղաքացիական պայքարներով է Հայաստանում կայանալու քաղաքացիական շարժումը. «Որպեսզի այսուհետ ոստիկանությունը չմտածի. որ կարող է ուժի կամ բռնության միջոցով ճնշել, վախեցնել, եւ չթողնել կայանա հասարակական շարժումները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ