Լարիսա Ալավերդյանն այսօր հայտարարեց, որ ինքը դեռ շարունակում է մնալ պատգամավոր, մինչեւ հաջորդ գումարման ԱԺ-ն կսկսի իր գործունեությունը: Տիկին Ալավերդյանը լրագրողին ուղղեց նաեւ, որ ինքը ոչ թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան է, այլ առաջին պաշտպանը: Դառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին՝ տիկին Ալավերդյանը նշեց, որ ոչ մի նոր բան չի տեսել: Նա նկատեց, որ ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ամեն ինչ իր ձեռքում է: Դիտորդական առաքելության աշխատանքը տիկին Ալավերդյանը համարեց թույլ եւ նշեց. «Հարցն այն է, որ կարելի է դիտարկել շատ բաներ եւ արձանագրել, բայց եթե այդ խախտումներն ու շեղումները չես կարողանում ձեւակերպել որպես իրավական փաստ, քեզ դա ոչ մի բան չի տալու»:
Տիկին Ալավերդյանն իրեն տեսնում է բուհական ոլորտում, քանի որ Արմեն Դարբինյանից Սլավոնական համալսարանում դասավանդելու հրավեր է ստացել: Հարցին՝ «Ժառանգությանը» տեսնո՞ւմ է դաշինքի մեջ կամ ՀՀԿ-ի կողքին, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ժառանգությանը» Հանրապետական կուսակցության հետ նույն դաշինքի մեջ չեմ տեսնում: Այժմ «Ժառանգության» կեցվածքի մեջ տեսնում են տատանվողական դիրքորոշում: Եթե այն նախկին քաղաքական գիծը չկարողանա պահպանել, ես դա ցավագին կընդունեմ»:
Տիկին Ալավերդյանը ցանկանում է, որ «Ժառանգության» հինգ պատգամավորներ նորից լավ աշխատեն եւ ունենան կոշտ դիրքորոշում: Իսկ այն մասին, որ ընդդիմադիր թեւից հայտարարություններ են հնչում, թե ինչու «Ժառանգությունը» վայր չի դնում մանդատները, Լ. Ալավերդյանն ասաց. «2007-ին չընտրված ընդդիմությունը ինչպե°ս է վիրավորում «Ժառանգությանը» եւ պահանջում, որ վայր դնեն մանդատները»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ