Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը պետք է հոսի, որ ճահիճ չառաջանա

Մայիս 11,2012 13:26

Հայ եկեղեցական դաշտի բարեփոխումներն անպայմանորեն չէ, որ հիմնավորվեն ինչ-որ կասկածելի ավանդություններով:

Եկեղեցին լինելով հոգեւոր կառույց՝ իր գործունեությամբ շատ սերտ հաղորդակցության մեջ է գտնվում հասարակության հետ եւ նրա դերակատարումը կայանում է նրանում, որպեսզի ուղղորդի ժողովրդին եւ զերծ պահի տարբեր տեսակի կրոնական եւ ոչ կրոնական հոսանքների բացասական ազդեցություններից: Այս նպատակին հասնելու համար եկեղեցական բարեփոխումները պարզապես անխուսափելի են, այլապես ժողովուրդը մի ամպամած օր կօտարանա եկեղեցուց: Մենք ըմբռնումով ենք մոտենում այն փաստին, որ եկեղեցական կյանքում կատարվող յուրաքանչյուր դրական փոփոխություն առավել կամ նվազ չափով փոխում է մեր կյանքը եւ փոփոխության է ենթարկում արդեն գոյություն ունեցող եկեղեցական Ավանդությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ ժողովրդական սովորությունները: Բարեփոխումների անհրաժեշտությունը զգացվում է այնպես, ինչպես ցուրտ ժամանակ ջերմության կարիքն է զգացվում: Ես գրեցի «Կաթողիկոս ընտրելու տրամաբանությունը կամ նժույգին սանձ է պետք» (www.religions.am, 26. 04. 2012) հոդվածն այն համոզումով, որը իմ մեջ ամրագրվել է իրականության վերլուծությամբ: Կաթողիկոսական ընտրությունները եկեղեցական Ավանդության շարքին են պատկանում, որոնք փոփոխվել են միշտ, եւ այսօր էլ եկեղեցական Ավանդությունները փոփոխվում են մեր աչքի առաջ, մեր իսկ ապագայի համար: Սակայն մի պահ անցյալին դառնանք: Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած էր, եւ այդ հանգամանքը չխանգարեց նրան Սուրբ կոչվելու եւ, կարծում եմ, նա շատ ավելի երջանիկ էր, որ իր օրինական ընտանիքն ուներ, քան իրենից հետո եղած այն կուսակրոն կաթողիկոսները, որոնք չունեին օրինական ընտանիք ու օրինական զավակներ: Ավելին, կաթողիկոսական գահը ժառանգաբար փոխանցվեց Գրիգոր Լուսավորչի որդուն՝ Արիստակեսին, այնուհետեւ գահը ժառանգեց Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արիստակեսի որդին՝ Վրթանեսը: Փաստորեն ձեւավորվեց եկեղեցական Ավանդություն, համաձայն որի՝ կաթողիկոսական գահը պետք է փոխանցվեր ժառանգաբար:

Այժմ արհամարհվա՞ծ է այս Ավանդությունը: Ինչո՞ւ կաթողիկոսներին սկսեցին ընտրել կամ նշանակել եւ ոչ թե, համաձայն եկեղեցական Ավանդության, ժառանգաբար ընդունել: Ինչո՞ւ կաթողիկոսական գահը վերապահվեց միայն կուսակրոններին: Ո՞վ կարող է հանդգնել ու ասել, որ դրանով խախտվել է սրբազան Ավանդությունը: Ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ եթե չի խախտվել, ապա ինչպե՞ս կասենք, որ խախտվել է: Ընդամենը տեղի է ունեցել եկեղեցական Ավանդության փոփոխություն, որը վնասակար հետեւանք չէր թողնում եկեղեցում: Անկասկած, պահպանողական ու եկեղեցասեր անձինք կարող են շատ գեղեցիկ խոսքերով այլ բացատրություններ նույնպես տալ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ եւ թե որքա՞ն կարեւոր էր, որ կաթողիկոսները ընտրվեին եւ ընդ որում՝ թեկնածուն պետք է պարտադիր կուսակրոն լիներ: Ավելին, ես նույնպես ոչ պակաս կարող եմ բացատրել, թե ինչո՞ւ փոխվեցին ընդունված կարգերը, ես ինձ որեւէ մեկից պակաս եկեղեցասեր չեմ համարում, բայց այստեղ կարեւորն այն է, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը իր բացատրությունն ունի: Այդ փոփոխությունը անհրաժեշտ էր Հայ եկեղեցու համար, իսկ Հայ եկեղեցին հայ ժողովրդին ծառայելուց բացի, այլ առաքելություն երբեք չի ունեցել: Այսօր ինչ- որ տեղ փոփոխվում են եկեղեցաշինության մեջ եկեղեցական Ավանդությամբ որդեգրված ճարտարապետական լուծումները: Իսկ ո՞վ կարող է համարձակվել ու ասել, որ խախտվում է սրբազան Ավանդությունը: Ոչ ոք, որովհետեւ այն չի խախտվում: Այլ խոսքով, կառուցվող եկեղեցիների մոդեռնացումը նույնպես իր բացատրությունն ունի: Ցանկացած փոփոխություն իր բացատրությունն ունի: Իր բացատրությունն ունի նաեւ կաթողիկոսական ընտրությունները ցմահ ընտրովիից յոթնամյա ժամկետի անցնելու անհրաժեշտությունը, պարզապես պետք է ազնիվ լինենք եւ ինքնախաբեությամբ չզբաղվենք: Անշուշտ, սրբազան Ավանդությունը պետք է հարգել, եւ հայ եկեղեցական դաշտի բարեփոխումներն անպայմանորեն պետք չէ, որ հիմնավորվեն ինչ- որ կասկածելի ավանդություններով:

«Միություն կարեւոր հարցերում, Ազատություն երկրորդականում եւ Սեր՝ ամեն բանում», այս է հիմնական սկզբունքը, որը, որպես ուղենիշ, փոխանցվել է մեզ սերնդեսերունդ: Կաթողիկոսական ընտրությունները եւ կաթողիկոսի ցմահ ընտրվելը մեծ հաշվով սրբազան Ավանդության հետ չեն առնչվում, դա եկեղեցական Ավանդություն է, որը ենթակա է փոփոխման այնպես, ինչպես ժամանակին շատ բաներ են փոխվել, բայց սրբազան Ավանդությունը անփոփոխ է մնացել: Իրականությունը փաստում է, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոսի ցմահ ընտրված մնալու հանգամանքը տարաբնույթ խնդիրներ են առաջացնում եւ իրենց տրամաբանական ու արդարացի լուծումը չեն գտնում: Դրանք կարող էին առաջանալ ցանկացած կաթողիկոսի օրոք, բայց ջուրը պետք է հոսի, որ ճահիճ չառաջանա այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Գալով կաթողիկոսական օծմանը՝ նշենք, որ այդ հոգեզմայլ արարողությունը նույնպես եկեղեցական Ավանդություն է, որը, ի դեպ, շրջանցել են Կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիները: Սրբազան Ավանդությունը նույնն է բոլոր եկեղեցիներում, բոլորի համար նույն Սուրբ Գիրքն է գործում: Իսկ ընտրված կաթողիկոսի համար բավարար է նաեւ քահանայական կամ քահանայական ու եպիսկոպոսական օծումը, դրանով Հայ եկեղեցին չի վնասվի: Կյանքի հետ միասին մարդն էլ է արագ փոխվում, ուստի ժամանակ առ ժամանակ ժողովուրդը, մանավանդ նոր սերունդը, պետք է համոզվի, որ ինչպես իր երկրի նախագահի, այնպես էլ իր երկրի հոգեւոր առաջնորդի հետ ամեն ինչ նորմալ է, որ նրա մոտ չեն զարգացել հիվանդագին սովորություններ, որ հոգեւոր առաջնորդին հատուկ առաքինությունները դեռ առաջնորդում եւ ուղենիշ են նրա համար՝ ազգի ու եկեղեցու համար կարեւոր որոշումները կայացնելու ժամանակ:

Չասելու համար, որ Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի հոգեւոր եկեղեցական գործիչ լինելուց, նաեւ քաղաքական ու հասարակական գործիչ է, պարզապես փաստենք, որ նրա որոշումները, կամա թե ակամա, ազդում են ժողովրդի սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակի վրա: Նաեւ հենց այս պարզ պատճառով ուրեմն ժողովուրդը պետք է վստահ լինի, որ նա ունի կառուցողական ծրագրեր՝ բարելավելու բարեպաշտ ժողովրդի սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը, եւ, վերջապես, որպես Ամենայն հայոց կաթողիկոս՝ նա պետք է վստահություն ներշնչի ժողովրդին, որ ինքը իսկապես ի վիճակի է եւ որ իր մտավոր կարողությունները բավարար են ապահովելու համար հայ ժողովրդի հոգեւոր անվտանգությունը: Հարգելիներս: Ես ոչ մեկից նեղացած չեմ խոսում եւ ոչ մեկի դեմ չեմ խոսում, առավել եւս՝ գործող կաթողիկոսի դեմ, որին ես շատ եմ հարգում: Բայց ես առավել շատ սիրում եմ իմ հարազատ Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Բնականաբար, Ամենայն հայոց կաթողիկոսի ցմահ ընտրովիից յոթնամյա ժամկետի անցնելու մեխանիզմը պարզերից չէ: Նպատակահարմար է հետեւողական լինել այս հարցում եւ հնարավորության դեպքում կազմակերպել քննարկումներ, կամ համապատասխան մասնագետների կողմից մի հանձնախումբ ստեղծել, որը կկազմի եւ կներկայացնի այդ մեխանիզմը՝ հիմնավորված սրբազան Ավանդությամբ, որը վաղուց արձանագրվել ու Սուրբ Գիրք է դարձել:

ՏԵՐ ՄԱՆՈՒԿ քահանա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

աստվածաբանության մագիստրոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031