Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նազարյանը «փոշմանել» է

Մայիս 11,2012 13:24

Նա այլեւս իրանցիների համար Մարզահամերգային համալիրում համերգ չի կազմակերպի

Վերջին շրջանում, երբ իրանցիները Նովրուզի առիթով Հայաստան են գալիս, մեր երկիրը ընկալում են իբրեւ դրախտավայր, որտեղ կարող են վայելել այն ամենը, ինչն արգելված է իրենց մոտ՝ տղա-աղջիկ շփումներ, բաց դեմքեր, ազատ հագուստ, ալկոհոլ եւ այլն: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ առաջին անգամ իրանցիները հնարավորություն են ունենում հանդիպելու համերկրացի սիրված երգիչների հետ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս թեմայով «Առավոտի» հետ զրուցեց 2009-ից Հայաստանում իրանցի երգիչների համերգների կազմակերպիչ Արվին Նազարյանը: Նա ասաց, որ իրանցիների կողմից շատ սիրված գրեթե բոլոր ժամանակակից երգիչները հանգրվանել եւ ճանաչում են ձեռք բերել այլ երկրներում, մասնավորաբար՝ ԱՄՆ-ում: Նրանց երգերը ձայնասկավառակների տեսքով տարածված են Իրանում, բայց հնարավորություն չկա իրենց երկրում երբեւէ հանդիպելու գրեթե պաշտամունքի չափ սիրված արտիստների հետ: Իրանցի հանդիսատեսը սիրելի արվեստագետի հետ կարող է հանդիպել միայն չեզոք երկրում: Այդ երկիրն էլ հենց Հայաստանն էր, մանավանդ որ Երեւանում կա միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հրաշակերտ մի համերգային դահլիճ՝ ՄՀՀ-ն:

Ա. Նազարյանը փաստում է, որ տարիներ շարունակ սիրելի «համալիրում» կազմակերպել է մասշտաբային եւ թանկարժեք համերգներ: «Այսօր համերգային մեծագույն տոները իրանցիների համար վերածվել են իսկական դժոխքի, այն աստիճան, որ հիմա արդեն Հայաստան եւ համալիր բառերը իրանցի հանդիսականները այլեւս լսել չեն ուզում»,- ասաց Արվին Նազարյանը: Մանրամասնելով ասվածը՝ մեր զրուցակիցը հայտնեց. «15 օրվա ընթացքում Հայաստան է մտնում շուրջ 20.000 իրանցի, ովքեր գործնականորեն գումարային որեւէ խնդրի առաջ կանգ չեն առնում: Սակայն, չգիտես ինչու, հենց այդ օրերին հյուրանոցները, սննդի օբյեկտները, տրանսպորտի միջոցները (տաքսիները), սպասարկման բոլոր կարգի ծառայությունները թանկանում են»: Արվին Նազարյանը բերեց ՄՀՀ-ի օրինակը. «Հինգ օրվա համար համալիրին տրվել է 77.500.000 դրամ, այսինքն՝ մեկ համերգի համար այն կազմում է ֆանտաստիկ գումար՝ 15.500.000, այն էլ չտաքացվող դահլիճի դեպքում: Ի դեպ, ես տեղյակ եմ, որ ուրիշներին դահլիճը վարձակալության է տրվել 10 մլն դրամով: Այդ օրերին համալիրի ճեմասրահում նաեւ առեւտուր է կազմակերպվում: Մի խոսքով, այդ օրերին Հայաստանում կարծես միանգամից ամեն ինչ թանկանում է: Եվ դա այն դեպքում, երբ մարտ ամսին Հայաստանը գրեթե դատարկ է»:

Մեր զրուցակիցը ցավով հայտնեց, որ ինքն այլեւս վերջակետ է դրել Երեւանում նման համերգների կազմակերպմանը: Նշեց նաեւ, որ գայթակղիչ հրավերներ ունի հարեւան երկրներից, այդ թվում՝ Վրաստանից:

Իսկ որպես ողջունելի քայլ Արվին Նազարյանը նշեց միայն մեկ հանգամանք. ՄՀՀ-ում համերգների ժամանակ անվտանգության ծառայությունն աշխատում էր ուժեղացված ռեժիմով:

Մարզահամերգային համալիրից «Առավոտին» հավաստիացրին, որ կոմերցիոն բաժնի պետ Զինաիդա Հարությունյանը խնդիրը կմեկնաբանի այսօր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031